Ռուս-ուկրաինական պատերազմը նոր ապատեղեկատվության հոսք է առաջացրել: Այս առնչությամբ այսօր «Մեդա կենտրոնը» պանելային քննարկում էր կազմակերպել «Պրոպագանդան ու ապատեղեկատվությունը Ուկրաինայում կոնֆլիկտի համատեքստում» թեմայով։
ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրեց սոցիալական մեդիայի հարթակներում իրականացվող քարոզչությունն առհասարակ ու խոսեց դրանց ռիսկերի, մարտահրավերների մասին. «Սոցիալական մեդիան մարդկանց քաղաքական կողմնորոշումների վրա ազդելու գործիք է, որը չի ենթարկվում այն կանոններին, որոնք մենք ակնկալում ենք տեսնել այլ հարթակներում: Սոցիալական մեդիա հարթակները, ամենաշատը ֆեյսբուքը, Youtube-ը ունեն ոչ պակաս ազդեցություն հանրային տրամադրությունների ձեւավորման վրա, քան ավանդական մեդիան: Մեծ հաշվով, այնտեղ կանոններ չկան, կանոնները սահմանված են հենց այս սոցիալական մեդիան ստեղծած կորպորացիաների կողմից ու իրենք են որոշում՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ ու ազգային օրենսդրությանը չեն ենթարկվում: Այն հարցերը, որոնք կակնկալենք ավանդական մեդիայում՝ հեղինակ, ֆինանսավորում եւ այլն, սոցիալական մեդիայում այդ տեղեկատվությունն անհասանելի է»:
Համազասպ Դանիելյանն ասաց, որ որեւէ երկիր արդյունավետ գործիքակազմ չունի վերահսկելու այդ տեղեկատվական հոսքերը: Հայաստանում փորձել են հասկանալ, թե ինչպես կարող են խաղի կանոններ սահմանել՝ քաղաքական քարոզչության հետ կապված ու բախվել են պատի. «Արցախյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո տեսանք, թե որքան տարածված էր արտաքին խաղացողների կողմից տեղեկատվական նյութերը տարածելն ու հայաստանցիներ կողմից օգտագործումը եւ որքան մենք անպատրաստ էինք՝ դրա դեմ առնելու տեսակետից: Ֆեյսբուքը ունի որոշակի գործիքակազմ, որն օգտագործվում է սահմանափակ թվով երկրներում՝ քաղաքական բովանդակություն ունեցող գովազդը վերահսկելու համար: Դա պարտադրում է, որ ֆեյսբուքի օգտատերը, որը քաղաքական նյութ է տարածում գովազդների միջոցով, լրացուցիչ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնի: Այդ տվյալները որոշակի չափով հասանելի են հանրությանը:
Օրինակ, կարելի է հասկանալ, թե «Սիրելի Հայաստան» ֆեյսբուքյան էջը, որի վրա եռագույն է ու քաղաքական բովանդակություն է տարածում, դրա հետեւում ով է կանգնած ու ով է ֆինանսավորում: Ամիսներ շարունակ փորձերից հետո ի վերջո կարողացանք ունենալ քննարկում այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որտեղ ի դեպ առանձին բաժին կա այս հարցերով զբաղվող եւ ակնհայտ դարձավ, որ նախեւառաջ կոմերցիոն շահագրգռվածությունից ելնելով՝ հատուկ ցանկություն չկա հատկապես փոքր ու միգուցե տվյալ կորպորացիայի համար քաղաքական կամ տնտեսական մեծ նշանակություն չունեցող երկրներում սահմանափակել իրենց եկամուտի՝ անսահմանափակ ու անհաշվետու գովազդի ֆինանսական հոսքերը: Պատճառաբանությունը իմ համար համոզիչ չէր՝ մենք բավականաչափ ռեսուրս չունենք, որ տիրապետում են հայերենին ու կկարողանան հայերեն լեզվով նյութը ֆիլտրել ու հասկանալ, թե որ նյութի դեպքում ինչ կանոններ պետք է կիրառել»:
Կարդացեք նաև
Համազասպ Դանիելյանն ասաց, որ Հայաստանում, թեեւ կան փաստերի ստուգման հարթակներ, այդուհանդերձ, չկա մեկը, որը սերտիֆիկատ է ստացել ու մաս է կազմում միջազգային ցանցին, որին հղում է կատարում ֆեյսբուքը, այլապես այդ կառույցների կողմից բացահայտված ապատեղեկատվության դեպքերը կդիտարկվեին որպես կարմիր դրոշ՝ արդեն ֆիլտրելու ու ուշադիր լինելու համար:
Նա նաեւ ընդգծեց, որ միջին եւ ավագ սերնդի մարդիկ ավելի խոցելի են ապատեղեկատվության հարցում, չեն զտում սոցիալական մեդիայի բովանդակությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ