Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ինչ անում է Թուրքիան, նրա հետեւից՝ Ադրբեջանը, հետեւողական, մտածված, պլանավորված ցեղասպանական քաղաքականություն է»

Մարտ 11,2022 19:22

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում վերջին օրերին Ադրբեջանի գործողությունները Արցախում եւ Հայաստանի սահմաններին հերթական անգամ որակեց ցեղասպանական գործողություններ: «Մենք առաջին անգամ չէ, որ խոսում ենք առանձին-առանձին դրվագների մասին եւ ես միշտ փորձում եմ հստակեցնել, որ այն, ինչ անում է Թուրքիան, նրա հետեւից Ադրբեջանը, բացարձակապես չեն կրում հատվածական բնույթ: Դա հետեւողական, մտածված, պլանավորված, կազմակերպված ցեղասպանական քաղաքականություն է:

Ես պետք է նորից կրկնեմ` ինչ է տեղի ունեցել  2020 թվականից եւ դրանից առաջ՝ 2018-ին: Իմ խորին համոզմամբ եւ ես կարող եմ ապացուցել, հիմնավորել, որ այդ պատերազմը տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանում օրվա իշխանության եկած խումբը իրականացնում էր բոլոր կողմերով Հայաստանի թուլացում՝ թիրախավորելով բանակը, հասարակությունը, այն անձանց, որոնք հերոսական ազգային-ազատագրական պատերազմում հաղթող են դուրս եկել: Այս ամենը եւ դրա հետ միասին Հայաստանում բոլոր ինստիտուտների քայքայումը ազդանշան է եղել, ավելի շուտ՝ գործառույթներ են եղել, որոնք Ադրբեջանին տվել են հնարավորություն էլ միայն ինքն իր վրա հույս չդնելով եւ Թուրքիային անմիջապես ընդգրկել որպես ղեկավար ցեղասպանական գործողություններին: 44-օրյա պատերազմը ցեղասպանական ագրեսիա էր, հանցագործությունների հանցագործություն:

Միակ բանը, որ չի հաջողել այս իշխանությունը՝ միանգամից ամբողջ Հայաստանը հանձնել, իսկ մենք տեսնում ենք, որ Հադրութը, Շուշին այդպես անցան Ադրբեջանին: Եվ դա ոչ թե այս իշխանության շնորհքն է, այլ այստեղ խոսել են, ի գործ են դրվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Հիմա Ադրբեջանը ցանկանում է անել այն, ինչը չի ստացվել 44-օրյա պատերազմի ընթացքում: Եվ այստեղ դատապարտելի է անտարբերությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանի ղեկավարության եւ միջազգային հանրության կողմից»,- ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ-ը:

Իսկ թե ինչի է Ադրբեջանը հենց այս պահին կրկին ակտիվացել, Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց. «Դա թուրքական քաղաքական ձեռագիրն է: Երբ որ աշխարհում տեղի են ունենում շատ ավելի ծավալուն, մասշտաբային դեպքեր, իրենք օգտվում են այդ պահից, որ իրենց հարցերը լուծեն, քանի դեռ միջազգային ուշադրությունը զբաղված է այլ իրադարձություններով: Տվյալ դեպքում՝ կոլեկտիվ Արեւմուտքը Ռուսաստանի դեմ եւ Ուկրաինան այդ Արեւմուտքի ձեռքին որպես գործիքակազմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031