Չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, որ Հայաստանն այս սեզոնին ձեռք է բերել հացահատիկի անհրաժեշտ պաշար ու դեֆիցիտ լինել չի կարող, արդյուհանդերձ Գյումրու խանութներում այս պահին նկատելի է ալյուրի, մակարոնեղենի դեֆիցիտ։ Առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքները թանկացել են։
«Այն, ինչ տեսնում եք իմ խանութում, բոլորը թանկացել են»,- ասաց Գյումրու Անի թաղամասի խանութի սեփականատերերից մեկը։
Բնակիչներից շատերի մոտ նկատելի է խուճապային տրամադրություն, որոնք փորձում են ապահովագրել իրենց «սպասվելիք սովից», խանութներից տուն կրել ձավար, հաճար, ալյուր, մակարոնեղեն, որոնք արդեն իսկ դեֆիցիտ են դարձել։
Խանութատերը խնդրեց իրեն չնկարահանել, սակայն համաձայնեց ձայնագրվել ու ներկայացնել մտահոգիչ իրավիճակը։
Կարդացեք նաև
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ Գյումրիում որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ կա, թեև երբեմն աղմուկն ավելի շատ է, քան իրականությունն է։
Ըստ նրա, նկատելի է ալյուրի, ձեթի դեֆիցիտ, ու թեև այսօր այլուր ստացել են, բայց արդեն թանկ գնով․ մեկ կիլոգրամը 30 դրամով թանկացել է՝ 260 դրամից դառնալով 290 դրամ։
Մակարոնեղեն ընդհանրապես չի մատակարարվում, ըստ խանութատիրոջ, եթե անգամ թանկ գնով փորձես ձեռք բերել, այս պահին չկա։
«Ոմանք ասում են՝ կապված է ճամփեքի փակ լինելու հետ, շատերն էլ մեկնաբանում են, որ պատճառը ՌԴ-ից հացահատիկի մատակարարման դադարեցումն է»-, ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, ձեթ ճարելն էլ բավական դժվար է, 5 մատակարարներից ընդամենը մեկն է ունեցել ձեթ, դարձյալ թանկ գնով է մատուցել։
«Եթե մինչ այս մեզ տալիս էին 880 դրամով, մենք վաճառում էինք ամենաէժանը 980 դրամով, հիմի 1000 դրամով են տալիս, պիտի վաճառենք 1100 դրամով։ Շաքարավազը ևս թանկացել է, այս ապրանքատեսակի դեֆիցիտ Գյումրիում չկա: (Նկատենք, որ շաքարավազի մեկ կիլոգրամի վաճառքի գինը 370 դրամից այսօր արդեն դարձել է 500 դրամ, հեղ․)։
Թանկացել է նաև ձուն, ասում են՝ նորից պիտի թանկանա, եթե մինչ այս խուճապի ստեղծումը մեզ մատակարարում էին 26 դրամով, այսօր բերել են 40 դրամով, սա էլ քիչ-քիչ կթանկանա»։
Գյումրիում հացը, բարեբախտաբար, դեռ չի թանկացել, այսօր լավաշը նույն գնով՝ 500 դրամով են մատակարարել խանութներին, սակայն ֆուռի տերերից մեկը խանութատիրոջը նախազգուշացրել է, որ գուցե վաղվանից չաշխատեն, քանի որ նկատելի է ալյուրի դեֆիցիտ։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ 120-130 դրամանոց սովորական հացը ևս դառնա 150-200 դրամ՝ իհարկե կապված այլուրի դեֆիցիտի ու դոլարի ինքնարժեքի բարձրացման հետ։
«Ալյուրը թանկացավ, հացի ինքնարժեքը 140 դրամ կնստի արտադրողի վրա, մի 20 դրամ ինքը պիտի աշխատի, 10 դրամ խանութատերը, չգիտեմ՝ էս տեմպերով ուր պիտի հասնենք», -ասաց մեր զրուցակիցը։
Նկատենք, որ չնայած ՌԴ-ն մինչև օգոստոս ԵԱՏՄ երկրներ ցորենի արտահանման արգելք է դրել, այդուհանդերձ, ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են ՌԴ-ից ձեռք բերել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ