ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գազալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, զինված ինքնաձիգով և մուրճով, գումար հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Գյումրու Խանջյան փողոցում գտնվող գազալցակայան և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կրակելով հատակին և պատին, աշխատակիցներից գումար են պահանջել և հափշտակելով դրամարկղում առկա շուրջ 150.000 ՀՀ դրամ գումարը՝ դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի՝ 1990թ. և 1994թ. ծնված բնակիչներ են:
Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են՝ խմբի կազմում, հրազենի գործադրմամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի բնակարանում հայտնաբերվել և վերցվել են «AKM 47» մոդելի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգն իր փամփշտատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով, նույն տրամաչափի 9 փամփուշտ, 14 հատ դանակ, ձեռնոցներ, իսկ մյուսի բնակարանից՝ «AKC» մոդելի ինքնաձիգ, 11 փամփուշտ, 3 հատ դանակ, 12 փաթեթ «Մարիխուանա» և 1 փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոցներ, առգրավվել են դեպքի պահին առերևույթ հանցագործություն կատարած անձանց հագին եղած հագուստները, նշանակվել են դատաձգաբանական, դատաքրեագիտական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ