2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամից և Արցախյան պատերազմից հետո, հայրենի տնտեսությունը փորձում է վերադառնալ բնականոն կյանքի։
Դրա ապացույցներից մեկն էլ արտաքին առևտրաշրջանառության 17․7 տոկոս աճն էր նախորդ տարվա ընթացքում։ Եթե 2020 թվականին այս ցուցանիշը կազմել էր 7120 մլն դոլար, ապա նախորդ տարի՝ արդեն 1 260 մլն դոլարով ավել կամ՝ մոտ 8380 մլն դոլար։
Ընդ որում՝ աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։ Նախորդ տարի Հայաստան են ներմուծվել մոտ 5357 մլն դոլարի ապրանքներ, ինչը 2020-ի համեմատ ավել է 16․9 տոկոսով կամ 774 մլն դոլարով։
Ներմուծումը՝ ըստ ամիսների
Կարդացեք նաև
Նախորդ տարվա գրեթե բոլոր ամիսներին ներմուծումը գերազանցել էր 2020 թվականի համադրելի ամսվա ցուցանիշը։ Բացառություն են կազմում հունվար և փետրվար ամիսները։ Դա պայմանավորված է նրանով, որ 2020-ի առաջին ամիսներին դեռևս նկատելի չէին կորոնավիրուսի համաճարակի հետևանքները, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը դեռ նոր էր փորձում դուրս գալ շոկային իրավիճակից։ Այսինքն, տնտեսական շոկին նախորդած երկու ամիսներն այս դեպքում համընկել են շոկին հաջորդած ամիսների հետ։
Արդեն 2021-ի մարտ ամսից սկսած ներմուծումը սկսել է գերազանցել 2020-ի համադրելի ամիսների ցուցանիշը, ինչն առավել տեսանելի է արդեն տարվա վերջին ամիսներին։ Դա պայմանավորված է նրանով, որ 2020-ի նույն ժամանակահատվածում երկիրը գտնվում էր պատերազմի մեջ և առևտրատնտեսական հարաբերությունները, ըստ էության, խաթարված էին։
Ներմուծման ապրանքային կառուցվածքը
Ներմուծման ոլորտում աճ է արձանագրվել գրեթե բոլոր ապրանքախմբերում։ Բացառություն են կազմում միայն տարբեր արդյունաբերական արտադրանքի և արվեստի գործերի ներմուծումը, որը նվազել է, համապատասխանաբար, 3․2 և 12․8 տոկոսով։
Նախորդ տարի Հայաստանի ներմուծման կառուցվածքում առավել մեծ բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին՝ 937 մլն դոլար (առավելապես նավթ և գազ)։ Սա 2020-ի համեմատ ավել է 190 մլն դոլարով կամ 25․5 տոկոսով։ Երկրորդ տեղում մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծումն է՝ մոտ 900 մլն դոլար (հիմնականում համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն, հավելաճը՝ 2․3 տոկոս)։
Աճել է նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի (455 մլն դոլար, հիմնականում՝ դեղորայք, աճը՝ 9%), պատրաստի սննդի (434 մլն դոլար, աճը՝ 9․2%) և ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի (391 մլն դոլար, հիմնականում ադամանդ, աճը՝ 8․3%) ներմուծումը։
Ավելի քան 54 տոկոսով կամ 108 մլն դոլարով աճել է նաև տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով պայմանավորված մեքենաների ներմուծումը կտրուկ անկում էր ապրել 2020 թվականին, և հիմա այս ոլորտում որոշակի ակտիվություն է նկատվում։
Համապատասխանաբար 23 և 13․1 տոկոսով աճել է նաև մանածագործական իրերի (302 մլն դոլար) և բուսական ծագման ապրանքների (289 մլն դոլար) ներմուծումը։
Այլ ապրանքատեսակների գծով ևս ներմուծումն աճել է ավելի քան 24 տոկոսով։ Եթե 2020-ին այլ ապրանքների ներմուծումը կազմել էր 1082 մլն դոլար, ապա նախորդ տարի այն արդեն կազմել է 1343 մլն դոլար։
Ներմուծման աշխարհագրությունը
Ի տարբերություն արտահանման՝ Հայաստանի ներմուծման թե՛ աշխարհագրությունը, թե՛ ապրանքային կառուցվածքը շատ ավելի բազմազան է։
Այս առումով ամենամեծ առևտրային գործընկերը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ն, որտեղից Հայաստան է ներմուծվել 2073 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 20․4 տոկոսով։ 1․1 տոկոսով ավելացել է նաև ԵԱՏՄ-ի մասնաբաժինը ընդհանուր ներմուծման կառուցվածքում՝ կազմելով 38․7 տոկոս։
Բնականաբար, այստեղ հիմնական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղից նախորդ տարի Հայաստանը ներմուծել է 1994 մլն դոլարի ապրանքներ կամ՝ ընդհանուր ներմուծման 37․2 տոկոսը։ Ռուսաստանից բերվող ապրանքների ծավալը 2020-ի համեմատ աճել է 20․5 տոկոսով։
Այս երկրից Հայաստանը ներմուծում է առավելապես նավթ և նավթամթերք, բնական և հեղուկ գազ, դեղորայք, ցորեն, պատրաստի սնունդ, անմշակ կամ կիսամշակ ոսկի, ալյումին, մեքենաներ և այլն։
ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից ամենից ակտիվ առևտրային հարաբերություններ Հայաստանն ունի Բելառուսի հետ։ Իհարկե, Ռուսաստանի հետ համեմատած այս երկրից ներմուծումը բավական փոքր է՝ մոտ 70 մլն դոլար, այնուամենայնիվ այն կազմում է ընդհանուր ներմուծման 1․3 տոկոսը։ Այս երկրից Հայաստանը ներմուծում է հիմնականում գյուղտեխնիկա և սնունդ։
Չնայած Եվրամիության անդամ երկրներից ապրանքների ներմուծումը 2021 թվականին աճել է շուրջ 10 տոկոսով՝ դառնալով ավելի քան 1 մլրդ դոլար, սակայն ընդհանուր ներմուծման գծով ԵՄ երկրների մասնաբաժինը շարունակել է նվազել։ 2020-ի 20․4 տոկոսի փոխարեն նախորդ տարի այս երկրներից ներմուծված ապրանքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ներմուծման 19․2 տոկոսը։
ԵՄ անդամ երկրներից Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Գերմանիան է՝ 223 մլն դոլար ընդհանուր ծավալով: 2020-ի համեմատ այս երկրից ներմուծումը նվազել է 8․2 տոկոսով։ Հայաստանը Գերմանիայից ներմուծում է արտադրական սարքավորումներ, մեքենաներ, դեղորայք, հաղորդալարեր և այլն։
ԵՄ անդամ հաջորդ խոշոր գործընկերն Իտալիան է՝ 195 մլն դոլար։ Այս երկրից Հայաստանը գնում է առավելապես տարբեր տեսակի գործվածքներ և հագուստ, թռչունների մորթիներ, փետուրներ, օդի պոմպեր, ջեռուցման կաթսաներ, ծառերի և թփերի շիվեր ու սածիլներ, դեղորայք։
Եվրոպական երկրներից Հայաստանը մեծածավալ ներկրումներ է իրականացնում նաև Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Բելգիայից, Իսպանիայից և այլն։ Այս երկրներից ներմուծումը 2020-ի համեմատ աճել է միջինում 1 տոկոսով։ Այս երկրներից Հայաստանը գնում է հիմնականում դեղամիջոց, ադամանդե քար, սինթետիկ գործվածքներ, թուղթ, շինարարական կոնստրուկցիաներ, երեսպատման սալիկներ, հաշվիչ մեքենաներ և այլն։
Բացի ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներից, Հայաստանն ավելի քան 2․2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ապրանքներ է ներմուծել այլ երկրներից։ Այստեղ ամենամեծ ուղղությունը Չինաստանն է։ Այս երկրից նախորդ տարի Հայաստան է բերվել ավելի քան 550 մլն դոլարի ապրանք, որը ներմուծման ավելի քան 10 տոկոսն է։ Նախորդ տարի այս երկրից ներմուծումն աճել է 26․1 տոկոսով։ Չինաստանից մենք գնում ենք, կարելի է ասել, ամեն ինչ՝ հեռախոսներ, մոդեմներ, դիոդներ, հաշվիչ մեքենաներ, սառնարաններ և սառցարաններ, ծանր շինարարական տեխնիկաներ, կոշիկներ, ռետինե անվադողեր և այլն։
Հաջորդ կարևոր ուղղությունն Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Իրանից ներմուծումը 2020-ի համեմատ աճել է ավելի քան 38 տոկոսով և կազմել մոտ 440 մլն դոլար։ Հարևան երկրից Հայաստանը ներմուծում է առավելապես նավթ և նավթամթերք, բնական և հեղուկ գազ, նավթի վերամշակումից ստացված մնացուկներ, երկաթե ձողեր, ինդուկցիոն կոճեր։
Մյուս հարևան Վրաստանից ներմուծումը նախորդ տարի աճել է մոտ 10 տոկոսով՝ կազմելով 354 մլն դոլար։ Այս երկրից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են ալկոհոլային խմիչքները, փայտե սալիկները, պարարտանյութերը, ընդեղենը, մետաղյա դռները, պատուհանները և այլն։
Ի հաշիվ մարդատար մեքենաների՝ 76 տոկոսով աճել է ներմուծումը Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 2020-ի 78 մլն դոլարի փոխարեն նախորդ տարի ԱՄՆ-ից ներմուծվել են 137 մլն դոլարի ապրանքներ, որոնց մեծ մասը տրանսպորտային միջոցներն են ու դեղորայքը։
Մոտ 27 տոկոսով էլ ավելացել է Միացյալ Արաբական Էմիրություններից ապրանքների ներմուծումը։ Նախորդ տարի ԱՄԷ-ից Հայաստանը ներմուծել է 121 մլն դոլար արժեքով ապրանքներ, որոնց մեծ մասը ադամանդե քարերն են, անմշակ կամ կիսամշակ ոսկին, ոսկերչական իրերը։
Այլ երկրներից կարելի է առանձնացնել նաև Ուկրաինան։ Նախորդ տարի այս երկրից ներկրվել է մոտ 150 մլն դոլարի արտադրանք՝ հիմնականում ծխախոտ և ծխախոտային այլ արտադրատեսակներ, թռչնամիս, շոկոլադ, հրուշակեղեն, երկաթ։
Հոդվածում չհիշատակված այլ երկրներից Հայաստանը գնում է մոտ կես մլրդ դոլար արժողությամբ ապրանքներ՝ սուրճ, ծխախոտ, մարդատար մեքենաներ, թռչող սարքեր, տրիկոտաժ, ադամանդե քարեր, երկաթե գլանվածքներ և այլն։
Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»