Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ տարեկան պետք է 500 000 տոննա հացահատիկ․ ի՞նչ է անում գործադիրը՝ պահուստային ֆոնդ ունենալու համար»․ պատգամավոր

Մարտ 11,2022 17:47

«Սպառողական գները վերջին երկու օրում աճ ունեցել են։ Կատարվեց մեր կանխատեսածը։ ՀՀ-ն ու Արցախը համատեղ օգտագործում են 500-600 000 տոննա հացահատիկ, որից մինչեւ պատերազմը շուրջ 30%-ն ապահովում էր Արցախը։ Քանի որ հիմա այդ հնարավորությունը չկա, մենք 99%-ով կախվածություն ունենք ՌԴ-ից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ ՌԴ-ն ժամանակավորապես դադարեցրել է հացահատիկի արտահանումը ԵՏՄ երկրներ՝ ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նա նշեց․ «Մենք ասել էինք, որ շուտով հնարավոր է՝ ՌԴ-ն կսահմանափակի արտահանումը, եւ դա տեղի ունեցավ։ Մինչեւ օգոստոս արգելված է։ Հարց կառավարությանը եւ էկոնոմիկայի նախարարությանը՝ որքանո՞վ է ապահովվել պահուստային մասը, ի՞նչ քայլեր են արվում, որ հարցի լուծում ունենանք։ Մեզ տարեկան անհրաժեշտ է 500 000 տոննա»։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության խնդիրն է նաեւ պարզել՝ կա՞ն հայաստանյան տնտեսվարողներ, որոնք պահուստավորել են հացահատիկ եւ հարմար առիթի դեպքում կարտահանեն։

Վահե Հակոբյանի բնորոշմամբ՝ որքան երկարում է ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ որքան խորանում են պատժամիջոցները ՌԴ-ի հանդեպ, այդքան էլ ազդեցություն ենք կրում մենք․ «Այո, կախում ունենք Ռուսաստանից եւ ավտոմատ կերպով խնդիր ենք ունենում։ Երկու օր է, որ այլուրի եւ ձեթի հերթերն են շատացել։ Տագնապի գործոնն էլ կա։ Քաղաքացիներին կոչ եմ անում չտագնապել եւ չափից ավելի բաներ չգնել, որովհետեւ տագնապը բերելու է ավելի վատ հետեւանքների»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031