Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին». հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին

Մարտ 11,2022 17:31

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝  ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչներ:

9,0 մագնիտուդով  երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին: Նա ընդգծել է, որ 1988-ին Ճապոնիայի կառավարությունն ու բնակչությունն առաջիններից էին, որ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

«Առ այսօր Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են մեր կողքին: Տարբեր բարեգործական ծրագրերով օգնում են մեզ և ԱԻՆ-ի միջոցով  կարողանում են ծրագրեր մշակել և օգտակար լինել մեր երկրին: Մենք համոզվեցինք, որ տարերային աղետների դեպքում ժողովուրդներն ու պետություններն ի զորու չեն միայնակ պայքարել»,- նշել է նախարար Ա. Փիլոյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման  շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, որը նախձեռնել էր խաչքարի կառուցումը:

«Այս  խաչքարը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է: 2011 թվականի երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին սերտ համագործակցություն Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Չնայած աշխարհագրական դիրքով մեր երկրները միմյանցից շատ հեռու են, սակայն կան շատ նմանություններ՝ գեղեցիկ լեռներ, երկրաշարժեր: Հույս ունեմ, որ ԱՌՆ ոլորտում համագործակցությունը կշարունակի մնալ մեր հարաբերությունների հենասյունը»,-եզրափակել է դեսպանը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031