«Համոզված եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է օգտվել ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակից եւ հասնել իր նպատակին, ինչն ամրագրվեց Շուշիի հռչակագրում․ Սյունիքի միջանցքը ստանալու մասին է խոսքը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն թիրախավորում է Արցախի բնակավայրերը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ նման իրավիճակում մեր կառավարության պահվածքը հասկանալի չէ․ «Ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին են խոսում։ Ի՞նչ են բանակցում թուրքերի հետ»։
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանությունն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի անկախությունը, պատգամավորը նշեց․ «Չեմ կարող ասել, թե ինչ կաշկանդվածություն ունեն, բայց կարելի է ենթադրել։ Իրենք իրենց առաջ խնդիր են դրել կամ ինչ-որ մեկն է դրել, որ ամեն գնով կարգավորեն հարաբերությունները թուրքերի հետ»։
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում իրավիճակի հետ կապված վերջին գնահատականների մասին էլ Վահե Հակոբյանն ասաց․ «Հարցնում եք մի մարդու մասին, որը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի գնացել։ Ի՞նչ սադրանք կարող է լինել, եթե գնա։ Թող գնա ու բարձրաձայնի Մինսկի խմբի բանակցային ժառանգության մասին, որովհետեւ իր թիմը հիմա համառորեն պնդում է, թե նախկինում բանակցել են հանձնելու մասին։ Թող բացատրի՝ ի՞նչ եղավ Մինսկի խումբը, ի՞նչ էր բանակցում, ինչի՞ դիմաց էր «5+2» շրջանները տալիս, ի՞նչ կարգավիճակ կունենար այդ ժամանակ Արցախը։ Թող այդ հարցերին պատասխանի։ Իրենք միայն ասում են, որ «հանձնել եք հողերը»։ Շարունակությունն էլ թող ասեն, թե «5+2»-ի դիմաց ինչ էինք ստանալու եւ ինչ ունենք հիմա»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ ըստ «Հայաստան» դաշինքի ընդդիմախոսների՝ թող Ռոբերտ Քոչարյանը գնա Արցախ ու զարգացնի տնտեսությունը, Վահե Հակոբյանը հարցադրում արեց․ «Այսինքն, դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է Արցախում տնտեսություն զարգացնի։ Գուցե հարցն իրե՞ն ուղղեք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ