Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե սարքի գինը միլիոնից ավելի է, փոքր գազալցակայաններն ինչպե՞ս են աշխատելու»․ Հռիփսիմե Ստամբուլյան

Մարտ 11,2022 16:52

«Մտավախություն էի հայտնել, որ այս սարքերի ներդրումը մեկ կազմակերպության մենաշնորհի համար է լինելու։ Սա արվում է մի կազմակերպության համար, որը ՀՀ-ում նոր բիզնես է լինելու։ Դուք ինձ վստահեցրիք, որ այդպես չէ, որ տնտեսվարողներն ազատ են լինելու, որ տարբեր երկրներից գնումներ են լինելու։ Այսօր ասացիք, որ հայկական արտադրող կա։ Գալի՞ս ենք այն կետին, որ մի կազմակերպության համար բիզնես եք մտածել»,-ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին այսօր հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում՝ օրակարգում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշխատակներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։

Ժաննա Զաքարյանը պատասխանեց․ «Ոչ, նման բան չկա, այդ ընկերությունն առնվազն տասը տարի առաջ է հիմնվել եւ ոլորտում մեծ գործունեություն է ծավալում։ Իմ ասածն այն էր, որ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հարցը քննարկել ենք, եւ այդ արտադրողը եւս եղել է ներկա։ Մեկ այլ արտադրողի մասին ես տեղյակ չէի, բայց տեսչական մարմինն ասաց, որ կա։ Այսինքն, ում հետ հնարավոր է եղել, քննարկել ենք։ Հիմա չափանիշներն ենք սահմանում»։

Ստամբուլյանն արձագանքեց՝ մինչեւ այս օրենքի ընդունումը պետք է լինեն գոնե հինգ-վեց հավանական կազմակերպություններ, որպեսզի չստացվի, թե միայն մեկ-երկու կազմակերպություն կարող է սարքը վաճառել եւ սպասարկել․ «Բացի այդ, նախորդ քննարկման ժամանակ ասացիք, որ սարքը 600 000 դրամ կարժենա, իսկ այսօր ասում եք, որ մեկ միլիոնից ավելի։ Սա անընդունելի է։ Եթե պետությունն ուզում է վերահսկել, գուցե սուբսիդավորո՞ւմ մտածեք։ Այլապես տնտեսվարողի վրա նման բեռ դնելուց սպառողն է տուժելու։ Բացի այդ, նախորդ անգամ ասում էիք, որ սարքերը երեք տարվա ժամկետ ունեն, հիմա ասում եք 25: Հստա՞կ է սա, մի սարքը կսպասարկի՞ 25 տարի։ Վերջիվերջո, եթե սարքի գինը միլիոնից ավելի է, փոքր լցակայաններն ինչպե՞ս են աշխատելու»։

Հարցադրումներին արձագանքեց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը․ «Որպեսզի ամեն ինչ անաչառ լինի, եկեք սարքերի բնութագիրը կազմենք, ուղարկենք գործընկերներին։ Եթե դուք ունեք ծանոթներ, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հարցում արեք, վերջում պատկերը կհամադրենք, մոտավոր գինը կհասկանանք եւ կիմանանք, թե շուկայում քանի՞ կազմակերպություն կկարողանա այդ սարքն արտադրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031