Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարին կարծում եմ կամփոփվի որևէ փաստաթղթի տեսքով. ադրբեջանական կողմը փորձում է առավելագույն օգուտ քաղել». Գառնիկ Դավթյան

Մարտ 11,2022 16:42

«Երեկ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը Ադրբեջանի կողմից այսօր գյուղերի վրա կրակելու վառ ապացույցն է: Իրենք ձախողում են դիվանագիտությունում և ուժ են կիրառում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Ըստ նրա՝ «Ադրբեջանի սանձարձակ պահվածքը» խոսում է այդ երկրի վախերի մասին:

Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ սահմանային լարվածությունն այս տարի ավելի խորն ու ընդգրկուն բնույթ կկրի. «Այս տարին կարծում եմ կամփոփվի որևէ փաստաթղթի տեսքով: Ադրբեջանը ճնշումներով փորձում է հայկական կողմից տարածքային զիջումներ ստանալ: Ալիև-Էրդողան երեկվա հանդիպման ժամանակ կոնկրետ միջանցքի հարց է քննարկվել: Փաստացի թուրք-ադրբեջանական տանդեմն ավելի շատ միջանցքային տրամադրություն է ստեղծում, քննարկվել է նաև Շուշիի հռչակագրի հարցը: Պետք է հասկանալ, որ ադրբեջանական կողմը Թուրքիայի համաձայնությամբ և սատարմամբ շարունակելու է մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Դա այսօր էլ տեսնում ենք»:

Փորձագետի ձևակերպմամբ՝ սպասելի էր, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո սահմանին կակտիվանա նաև Ադրբեջանը: Ըստ նրա՝ Հայաստանն այսօր սահմանային անվտանգության առումով մեղմ ասած ցավալի վիճակում է գտնվում: Նա մանրամասնեց. «Այսօր ՀՀ-ն չի որոշում իր սուվերենությունը, ավելի շատ դա թելադրվում է ադրբեջանական կողմից: Դրա վառ վկայությունը ՀՀ օկուպացված տարածքներն են, Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները, որտեղ ամեն ձևով վերացվում է հայկական հետքը՝ եկեղեցիներ, հայկական գերեզմաններ, պատմամշակութային հուշարձաններ»:

Ըստ Գառնիկ Դավթյանի՝ Ադրբեջանի իշխանություններն այսօրվա ՀՀ իշխանություններից ուզում են առավելագույնը պոկել:

Կրկին անդրադառնալով սահմանային սադրանքներին Ադրբեջանի կողմից՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Սա ավելի շատ հեռահար նպատակներ ունի: Ադրբեջանը փորձում է իրավիճակից օգտվել, Ռուսաստանից ստանալ ինչ-որ այլ հնարավորություններ տարածքային մասով կամ բանակցային ֆորմատում քննարկվող դրույթներում փորձի պրոադրբեջանական ձևակերպումներ ստանալ: Քաղաքականության մեջ սա նորմալ երևույթ է: Եթե մինչ այդ հոգեբանական ճնշում էր գործադրում Արցախի ժողովրդի վրա, կրակում էր հայկական գյուղերի մոտ, հիմա ավելի կտրուկ գործողությունների է անցել»:

Ըստ փորձագետի՝ ՌԴ այսօրվա արտաքին քաղաքականությունը վկայում է այն մասին, որ վերջինս իր դիրքերը միջազգային հարթակում ամրապնդում է. «Փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ հակառակ ԱՄՆ-ի կողմից սանկցիաների կիրառման, ընդգծված ռուսաֆոբ երևույթների: Օրինակ՝ ռուս ուսանողներին եվրոպական տարբեր համալսարաններից արտաքսելը նացիստական կամ ռասսայական խտրականություն պարունակող ձևեր են, ինչը չի բխում եվրոպական երկրների շահերից»:

Ըստ Գառնիկ Դավթյանի՝ պետք չէ թերագնահատել Ռուսաստանի ռազմական ներուժը. «Փաստն այն է, որ ռազմական գործողությունների, նաև քաղաքական հարթակում տարվող բանակցությունների ամբողջ տրամաբանությունն այն է, որ ռուսական կողմն ամեն բան անում է ուկրաինական պետական համակարգը վերջնականապես քայքայելու համար: Ռուսական կողմի թիրախները ուկրաինական պետական համակարգը կազմաքանդելն է, նացիստական ընկալումներով ձևավորված ուժերի վերջնական ոչնչացումը և երկրից վտարումը, չեզոք տարածք ստեղծելը»:

Այնպես որ, ըստ Գառնիկ Դավթյանի՝ այժմ ՌԴ-ն իր երկրի ապագայով է հետաքրքրված, քան Հարավային Կովկասի այս ծանր իրավիճակով. «Ընդհանուր առմամբ՝ մարդկանց մոտ այդ կարծիքը կա, որ իրենք չէին սպասում, որ երկու տարի հետո ռուսական խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանը կգնա նման մեծ սադրանքների: Դա ուկրաինական հակամարտության հետ է կապված է: Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմը փորձում է այստեղից օգուտ քաղել՝ օգտվելով ՌԴ շեղվածությունից դեպի արևմտյան հատված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031