Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պատժամիջոցները որքան վնաս կհասցնեն ՀՀ տնտեսությանը, ի՞նչ ենք անելու, եթե հացահատիկը վերջանա. մեկնաբանում են տնտեսագետները

Մարտ 11,2022 16:34

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նախադեպը չունեցող են եւ դրանք շոշափում են Ռուսաստանի տնտեսության բոլոր հիմնական ոլորտները՝ սկսած ֆինանսաբանկայինից, վերջացրած ավիացիոն, մեքենաշինական եւ այլ կարեւոր ոլորտներով: Այսօր այս մասին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը: Նրա խոսքով, Ռուսաստանի Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստների սառեցումն էլ կհանգեցնի ՌԴ արտաքին պարտքը վճարելու դժվարություններին. «Ավելի քան 150 միջազգային, խոշոր կորպորացիաներ՝ ամերիկյան, եվրոպական հայտարարեցին Ռուսաստանից դուրս գալու կամ անժամկետ գործունեությունը դադարեցնելու մասին: Այստեղ խոսքը գնում է հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի, գործազրկության կտրուկ ավելացման եւ միլիարդավոր ներդրումների մասին, որոնք այս պահին սառեցվել են»:

Մերի Հովսեփյանի խոսքով, տարբեր գնահատականներով՝ այս պատժամիջոցները կարող են Ռուսաստանում անկումը հասցնել 6-ից մինչեւ 10 տոկոսի: Ըստ նրա, հաշվի առնելով, որ Ռուսաստանը առեւտրային մեր հիմնական գործընկերն է, այդ անկումը կազդի նաեւ Հայաստանի տնտեսության վրա. «Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանում մեկ տոկոս տնտեսական անկումը Հայաստանում կարող է հանգեցնել 0, 7 տոկոս տնտեսության անկման: Այսինքն, եթե Ռուսաստանում 10 տոկոսի սահմաններում է, Հայաստանում կարող է հասնել 4-6 տոկոսի սահմանների»:

Մերի Հովսեփյանի խոսքով, արտահանողների համար ստեղծվում են խոչընդոտներ՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված: Պատժամիջոցների ազդեցությունը կանդրադառնա նաեւ դեպի Հայաստան տրանսֆերտների եւ ներդրումների վրա էլ. «Անցյալ տարի Ռուսաստանից Հայաստան ավելի քան 850 միլիոնի տրանսֆերտներ են եկել մեր երկիր, եւ այս ամենի ֆոնին կնվազեն տրանսֆերտները թե՛ ծավալով, թե արժեքով»:

Փորձագետը պարենային անվտանգության խնդիրներ էլ է տեսնում, սակայն հորդորում է խուճապի չմատնվել հացահատիկին առնչվող ՌԴ գերատեսչության հայտարարությունից, քանի որ 2022-ի համար հացահատիկի գնում արդեն մեր երկիրը կատարել է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը երեկ հայտարարել էր, որ հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը դադարեցվում է. «Եթե այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ որեւէ երկիր՝ այդ թվում եւ Հայաստանը, կարիք ունենա լրացուցիչ ներկրման, ապա լիցենզավորված գործընթացով կարող է հանգիստ իրականացնել: Ինչ վերաբերում է շաքարավազին եւ դրա հումքի արգելքին, ապա այդ արգելքը վերաբերում է երրորդ երկրներին: ԵԱՏՄ անդամ երկրները կարող են հանգիստ ներմուծում իրականացնել»:

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ, ճիշտ է՝ Ռուսաստանի տնտեսությունը լրջագույն մարտահրավերի առաջ է կանգնել, բայց այնպես չէ, որ այդ պատժամիջոցները փոշիացնելու են Ռուսաստանի տնտեսությունը. «Ռուսաստանի Դաշնությունը վերջին հինգ տարիներին իր արտարժութային պահուստներն էապես մեծացրել է, ինչը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվել է այս աշխարհաքաղաքական գործընթացներին, որոնք հիմա տեղի են ունենում: Որպես սցենար դիտարկվել են ռուս գործընկերների կողմից եւ փորձել են դրան հակազդող քայլեր ձեռնարկել եւ պատրաստ լինելու համար որոշակի ամրության պաշար ձեւավորել: Բայց մյուս կողմից՝ պատժամիջոցներն այնքան մեծ ծավալի էին ու բազմաբնույթ, որ դժվար թե ռուսական կողմն այդ աստիճանի սցենարին պատրաստ լիներ, հետեւաբար այստեղ էլ անկումներ լինելու են»:

Ըստ Կառլեն Խաչատրյանի, Ռուսաստանից եկող տրանսֆերտները կազմում են դրսից եկող տրանսֆերտների 40 տոկոսը: Տնտեսագետի կանխատեսմամբ, արտահանման կրճատմանը զուգահեռ կավելան ներմուծումները մեր երկիր:

«Պետք չէ մոռանալ, որ համաշխարհային շուկաներում նավթի, գազի էական գնաճ կա, ինչը եւս իր հերթին դրական է անդրադառնալու հանքահումքային ռեսուրսների արդյունահանման հսկայական ծավալներ ունեցող Ռուսաստանի համար: Այսինքն՝ այնպես չէ, որ ամեն ինչ պետք է սեւ երանգներով ներկայացնել: Այդ հանգամանքները Ռուսաստանի տնտեսությանը դրական ազդակներ են հղում»,-ասաց Կառլեն Խաչատրյանը: Նա գտնում է, որ պարենային անվտանգության խնդիրները չեզոքացնելու համար կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի եւ հանրությանն էլ տեղեկացնի՝ ինչպես է պատրաստվում այդ խնդիրները հաղթահարել:

Մերի Հովսեփյանը հավելեց, որ մեր երկրում տարեկան սպառվում է 550 հազար տոննա ցորեն, որից 350 հազար տոննան ներմուծում ենք Ռուսաստանից, մի որոշ մասն էլ՝ Ուկրաինայից. «Խուճապային տրամադրություններ չպետք է լինեն, բայց երկարաժամկետում պետք է պատրաստ լինել մեր պարենային անվտանգության մակարդակն այնքանի հասցնել, որ կախվածությունը որեւէ X երկրից հասցնենք նվազագույնի»:

Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանման ծավալների մեծացման հնարավորությանը, քանի որ շատ արտասահմանյան ընկերություններ լքել են Ռուսաստանը եւ դաշտը ազատ է մի շարք ապրանքների համար, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ եւ այսօր չունենք տնտեսության մի ճյուղ, որը կարող է մեծածավալ արտահանում ապահովել: Ըստ նրա, այս խնդիրը որոշ չափով լուծելու համար պետք է պետությունը աջակցի բիզնեսին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031