ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ քննարկում՝ օրակարգում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշտարակներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։
Քննարկմանը ներկա տնտեսվարողներից «ՄուլտիԳազ» ՍՊԸ տնօրեն Աղասի Մարգարյանը բարձրաձայնեց, որ այս պահին եղած վառելիքաբաշխիչ աշտարակները բոլոր պահանջներին բավարարում են․ «Եթե կարծում եք՝ հնարավորություն չկա, կա․ եթե լավ հսկողություն սահմանվի, ամեն հնարավորություն էլ կլինի։ Կշիռի հարցն արդեն լուծվել է, որովհետեւ կիլոգրամով է վաճառվում, թեեւ ողջ աշխարհում գազի չափման միավոր է ընդունված ծավալը։ Ենթադրենք, համաձայնեցինք, որ չարաշահումներ կան։ Կշեռքին ոչ մեկը չի կարող ձեռք տալ։ Մնում է էլեկտրական մասը, որը կապարակնքված է ստանդարտացման ինստիտուտի եւ հարկային մարմնի կողմից։ Բողոքներ միշտ կան, բայց եթե հսկողությունն ավելացնեք, եկեք իրար հետ հանձնաժողովներ կազմենք, մտածենք ոնց անենք»։
Ըստ Աղասի Մարգարյանի՝ առաջարկվող սարքի տեղադրումը ավելորդ բեռ է տնտեսվարողի համար․ «Մենք կայան ունենք, որտեղ ութ աշտարակ կա։ Նվազագույնը վեց աշտարակներ ունեն կայանները։ Պատկերացրեք, որ ամեն մեկի համար մեկ միլիոնի բեռ դրվի մեր վրա։ Աշտարակները բոլոր պայմաններին բավարարում են, այդ սարքը եթե դնեք, ոչ մի բան չի փոխվելու։ 40 հատ աշտարակ ունենք, պատկերացնո՞ւմ եք ինչ գումարի մասին է խոսքը։ Եթե լավ հսկողություն սահմանեք, խաբելը կբացառվի։ Այլ բան առաջարկեմ։ Եթե ինչ-որ բան եք ուզում անել, սկսեք անվտանգությունից․ 200-ի փոխարեն 250 խորանարդ են գազը լցնում։ Այդքան ասում ենք, խոսում ենք, բայց ոչ մեկը չի կատարում այդ պահանջը։ Խնդրում եմ՝ եկեք նախ սրա մասին մտածենք։ Մեքենան դեռ մի կողմ, բա մարդու կյա՞նքը։ Բոլորն ավելի են լիցքավորում։ Աշտարակներն ունեն հնարավորություն առավելագույն լիցքավորման թիվ սահմանելու։ Թող դնեն ու կապարակնքեն, մնացածն էլ հետը հսկեն»։
Ստանդարտացման եւ չափագրության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանն արձագանքեց՝ իրենք տեղյակ են, որ աշտարակներն ունեն վերահսկման հնարավորություն․ «Սկզբից մենք ասում էինք, որ սարք չպետք է տեղադրվի, փոխարենը պետք է սահմանափակվի աշտարակի՝ կալիբրավորման ռեժիմ մուտք գործելը․ կոդի կեսը պետք է լինի մեր մոտ, մյուս կեսը՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի։ Միայն կալիբրավորման ռեժիմ մուտք գործելիս է հնարավոր ազդեցություն ունենալ աշտարակի պարամետրերի վրա։ Տնտեսվարողների հետ քննարկումների ժամանակ բոլորն ասացին, որ կալիբրավորման ռեժիմ մտնելն իրենց պետք է ցանկացած պահի, որովհետեւ կարող է լինել հոսանքի անջատում, վթար, ու դրա համար ամեն անգամ պետք է դիմեն տեսչական մարմնին եւ մեզ, որ մենք ներկա լինենք գործընթացին։ Առաջարկվեց գաղափար, որ լինի առանձին սարք, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի ամեն անգամ միջամտություն անելուց երկու կառույցի ներկայացուցչի կանչել»։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը դիմելով Աղասի Մարգարյանին՝ նկատեց․ նորմալ է, որ նման փոփոխությունը տնտեսվարողներին դուր չի գալիս, որովհետեւ լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում․ «Բայց խնդիր կա․ դուք էլ կընդունեք, որ կան բարեխիղճ եւ անբարեխիղճ տնտեսվարողներ։ Որքան էլ փորձել ենք չարաշահումների դեմն առնել, միեւնույնն է, բողոքներ միշտ կան։ Մեզ ակտիվ քննադատել են, որ այս նախագիծը հետաձգել ենք։ Սպառողները մեզ անգամ մեղադրում էին, որ գազալցակայանների շահերն ենք պաշտպանում։ Հավասարակշռված որոշում պետք է ընդունենք։ Առաջարկում եմ սարքի գինը ճշտելուց հետո այդ տարբերակով առաջնորդվեինք։ Ինչ վերաբերում է ձեր ասած անվտանգության խնդրին, այսօրվա քննարկման թեման դրան չի վերաբերում»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն էլ իր հերթին ավելացրեց՝ եթե խոշոր տնտեսվարողները համաձայնեն սարքերի համար մեծ գումարներ ծախսել, ապա ի՞նչ են անելու, օրինակ, մարզերի փոքր տնտեսվարողները, որոնք մեկ-երկու աշտարակներ ունեն․ «Պնդում եմ, որ ոչ բարեխիղճ տնտեսվարողը, միեւնույնն է, աշտարակին միջամտելու ձեւեր կգտնի։ Բացի այդ, անկայուն գնաճի դեպքում սա այսօր որքանո՞վ է նպատակահարմար։ Ի վերջո, բեռը սպառողի վրա է ընկնելու»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ վերահսկող սարքը 25 տարվա պիտանելիության ժամկետ է ունենալու եւ երաշխիքային սպասարկում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ