Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսարանը զզվել է, որովհետեւ գիտելիք եւ արժեքավոր տեղեկություն չի ստանում». Ջորջ Գոգուա

Մարտ 11,2022 16:14

Մեկնարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ավանդական համաժողովը, որն այս տարի կրում է «Թվապատում ԷկոնոմX» խորագիրը: Նման համաժողով արդեն անցկացվում է 7-րդ անգամ, եւ այս միջոցառման ուշադրության կենտրոնում այս անգամ տնտեսության լուսաբանման խնդիրներն են: Ինչպես բացման խոսքում նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ջ. Ալլելոն, տնտեսական ներկայիս անորոշության պայմաններում մարդկանց համար անչափ կարեւոր է հստակ, փաստերի վրա հիմնված լրագրության հասանելիությունը:

Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները կոնֆերանսի ժամանակ հետաքրքիր դրվագներ ներկայացրին իրենց պրակտիկայից: Օրինակ «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը մի զվարճալի միջադեպ հիշեց, թե ինչպես էին բանկերից մեկի մամուլի հաղորդագրությունը տեղադրել իրենց կայքում ու «կրակն» ընկել: Նախ զանգել էր բանկի PR պատասխանատուն ու խնդրել կայքից հեռացնել նյութը, քանի որ վերնագիրն իրենց դուր չէր եկել: Արա Թադեւոսյանն ասում է, որ պարզաբանել էին, թե վերնագիրը հենց բանկի հաղորդագրությունից է, սակայն դա նրանց չէր բավարարել, զանգել էր նաեւ բանկի գործադիր տնօրենը, ապա 2 օր անց տվյալ բանկը իր գովազդային վահանակը հանել էր լրատվամիջոցի կայքից` ի նշան դժգոհության:

«Իրականություն այսպիսին է, բայց դա չի նշանակում, որ պետք է տխրել, կարծում եմ, որ նման դեպքերում, թեկուզ փոքր եկամտից զրկվելով, մենք դաստիարակչական աշխատանք ենք կատարում, որովհետեւ վահանակի հանումը առանձնապես էֆեկտ չի տալիս, ու բանկը հասկանում է, որ լրատվամիջոցի հետ շփման այլ ուղիներ պետք է փնտրել ու գտնել»,- նշեց Արա Թադեւոսյանը:

Հավելենք, որ «Թվապատում ԷկոնոմX»-ի բանախոսները Հայաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի հայտնի լրատվամիջոցների լրագրողներ, խմբագիրներ եւ մենեջերներ են, որոնք 2 օր քննարկելու են, թե ինչպես պետք է պատմել բիզնեսի մասին հետաքրքիր ձևաչափերով, իրականացնել հետաքննություն եւ լուսաբանել ճգնաժամային տնտեսությունը:

Tribune.com-ի խմբագիր Մարգարիտա Անտիձեն նշեց, որ 2022-ին, երբ մոլորակը կարծես սկսել էր համակերպվել համավարակային այս սարսափի հետ, մարդիկ ավելի լուրջ խնդրի բախվեցին` ի դեմս Ուկրաինայի ճգնաժամի, եւ այս համատեքստում էլ ավելի է կարեւորվում լրագրողների դերը: «Մարդիկ չգիտեն ինչ սպասել, դրա համար պետք է տարբեր փորձագետների կանչել, բացատրել, որ օրինակ պետք չէ այդքան շաքարավազ գնել։ Բացի դրանից, պետք է պահպանվեն բոլոր չափանիշները, կողմնակալությունը՝ բացառվի, տեղեկատվությունը՝ ստուգվի»,-ընդգծեց նա։

Ի թիվս այլոց, խոսեց նաեւ Mediachecker.ge, Project 64-ի խմբագիր Ջորջ Գոգուան: Նա ներկայացրեց, թե ինչ ասել է բացատրական լրագրություն, եւ ինչպես պետք է բարդ պատմությունները պարզ եղանակով պատմել: Ջորջ Գոգուայի ձեւակերպմամբ, մեդիատիրույթում բեւեռացում կա, բացի դրանից՝ այնպիսի վիճակում ենք, որ փաստերը թվացյալ կերպով այնքան կարեւոր չեն, որքան կարծիքը: Նա մի օրինակ բերեց, թե ինչպես է իր լրագրողին հանձնարարել 300 բառով կետ առ կետ ներկայացնել մի թեմա: Լրագրողը սկզբում մտածել է, որ դա շատ հեշտ է եւ կես ժամում կպատրաստի նյութը, սակայն 4 ժամ հետո նեղսրտել է, որ առաջադրանքը բարդ էր: «Եթե ուզում ես պատմությունները լավ պատմել, պետք է շատ լավ իմանաս այդ պատմության բոլոր ասպեկտները, իսկ դա նշանակում է, որ պետք է խոսես շատ մարդկանց հետ, վերլուծես շատ տվյալներ»,- ընդգծում է Mediachecker.ge- խմբագիրը: Հավելում է, որ թեեւ փաստերը կարեւոր են, բայց նաեւ ռիսկային են, երբ խոսքը գնում է բեւեռացված մեդիամիջավայրի մասին. «Փաստերը կարելի է շատ հեշտ մանիպուլացնել: Կարող եմ ինչ-որ մեկին մեջբերել, մի քիչ էլ «ծռել» ու կտրել բուն համատեքստից»:

Ջորջ Գոգուայի խոսքով, եթե փորձում ես պատմությունն արագ պատմել, կորցնում ես համատեքստը, նյութի որակն ընկնում է: Ըստ նրա, լրագրության մեջ նաեւ շատ կարեւոր է միջինացված տեսակետը, ու թյուր է ոմանց կարծիքը, թե լսարանը հիմար է. «Լսարանը հիմար չէ, գուցե մարդիկ չգիտեն, թե լավ տեղեկատվությունը որն է, որովհետեւ 30 տարի շարունակ բարձորակ լրագրություն չենք տեսել: Թերեւս հատվածաբար է եղել այդպիսի լրագրություն, 2000-ականների սկզբին, երբ ինտերնետն ու թվային մեդիան էին ի հայտ գալիս, եւ երբ հեռուստատեսություններն առցանց չէին, մինչեւ 2016թ իրենց չէր հետաքրքրում մնացածը, իրենք ունեին իրենց սեփական օրակարգը: Իսկ հիմա թվային հեռուստաընկերությունները գալիս են սովորական հեռուստաընկերությունների հետ մրցելու, ու այդպիսով փակվում է օղակը: Լսարանը կորցնում է վստահությունը մեդիայի նկատմամբ, լսարանը զզվել է այս ամենից, որովհետեւ գիտելիք եւ արժեքավոր տեղեկություն չի ստանում»: Խմբագիրը տարօրինակ է համարում, որ հաճախ հեռուստատեսությամբ նույն մարդը խոսում է տարբեր թեմաներից, փոխանակ տվյալ լրատվամիջոցը որոնի տարբեր մարդկանց, փորձագետների, որոնք տիրապետում են տվյալ թեմային:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031