Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականացված հետազոտությունները ծառայելու են որպես լավ հիմք՝ հետագա որոշումների». ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Մարտ 11,2022 16:18

Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտային ծրագրի մշակման դրամաշնորհի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության և Ասիական զարգացման բանկի գործընկերությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է հետազոտական 6 խմբերի հավաքագրում, իսկ Ասիական զարգացման բանկը ծառայել է որպես համակարգող գործակալություն և իրականացրել է տեղական կրթական խմբի համակարգում, որը բաղկացած է շուրջ 40 մարմիններից: Այդ խմբերից երկուսն այսօր մեկնարկած քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները:

Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ԿՀԳ-ի տրամադրած դրամաշնորհն ուղղված է մեծապես աջակցելու հանրակրթության ոլորտում փաստահեն քաղաքականության մշակմանը:

«Ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման և դրա իրականացման հարցում տվյալների դերն անգնահատելի է. մենք ամեն օր բախվում ենք մի իրավիճակի, երբ ոչ բավարար վերլուծությունը և տվյալները մեզ ընդամենը հնարավորություն են տալիս մոտավոր որոշումներ կայացնելու: Հետևաբար մենք պետք է իրապես գիտակցենք, որ հետազոտահեն և փաստահեն քաղաքականություն ունենալու, վերլուծություններին և տվյալներին ժամանակ տրամադրելու արդյունքում մենք ունենալու ենք որակյալ որոշումներ և արդյունքներ: Նախաձեռնության շրջանակում կարողացել ենք ներառել հանրակրթության ոլորտի ամենահիմնական խնդիրները՝ բոլոր ուղղություններով, և իրականացված բոլոր հետազոտությունները մեզ համար ծառայելու են որպես լավ հիմք՝ հետագա որոշումների կայացման և համապատասխան քաղաքականության իրականացման համար»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են այն փուլում, երբ քննարկվում են «Կրթության՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը: Նա փաստել է, որ այդ արդյունքները մեծապես փոխկապակցված են ռազմավարական այն շեշտադրումների և ուղղությունների հետ, որոնք զուգահեռ ընթանում են վերոնշյալ փաստաթղթերի մշակման գործընթացում:

«Կարևորում եմ նաև այն փաստը, որ այս գործընկերությունը նախաձեռնել ենք մի փուլում, երբ ձևավորվում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Մեր նպատակն է, որ կարողանանք այս նախաձեռնության միջոցով զարգացնել հետազոտական կարողությունները և գործընկերությունը ԿԶՆԱԿ-ի հետ և այդ համատեղ աշխատանքն օգտագործել ի նպաստ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ներկաներին ողջունել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը:

Բացման խոսքերից հետո ներկայացվել են «Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» և «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները, որի շրջանակում տեղի են ունեցել խմբային աշխատանքներ:

Քննարկումները կշարունակվեն վաղը՝ մարտի 12-ին, որի ընթացքում կներկայացվեն նաև մյուս երկու՝ «Հավասարության և արդարություն վրա հիմնված դասարանային գնահատման պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար` քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկման մասնակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա դրանք կամբողջացվեն և ավարտին կհասցվեն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031