Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին՝ իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» «ահազանգով». Նելլի Բաղդասարյան

Մարտ 11,2022 15:33

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնության ուղարկելը՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով, Ադրբեջանում շատ ցավագին ընդունվեց: Բաքվում այն գնահատվեց որպես Ռուսաստանի կողմից «լկտի սադրանք» Բաքվի նկատմամբ։ Ադրբեջանական մամուլում հատուկ կարեւորվեց՝ ռուսական կողմից հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշված հենց «Լեռնային Ղարաբաղը», այլ ոչ թե, ասենք, նրա հայկական համայնքը կամ «Խանքենդիի բնակչությունը»: Ակնհայտ է, որ մարդասիրական այս քայլի տակ քաղաքական ենթատեքստ կա նաեւ: Ի՞նչ գործընթացներ են ընթանում Արցախում:

-Արցախի Հանրապետության կողմից կատարված յուրաքանչյուր քայլ հիվանդագին է ընդունվում Ադրբեջանում: ՌԴ ՊՆ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, Արցախի Հանրապետությունում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին նշվում է որպես «Լեռնային Ղարաբաղ»: Այս թեմայով Ադրբեջանի կողմից արձագանք հնչեց ոչ միայն մամուլի, այլ նաև Ադրբեջանի ՊՆ կողմից: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմից բարձրացված աղմուկը վնասեց հենց Ադրբեջանին, որովհետև հասարակական-քաղաքական դաշտում կրկին հարցեր առաջացան, ադրբեջանական պաշտոնական շրջանակների՝ «հակամարտության լուծված լինելու» պնդումների շուրջ:

-Ռուս-ուկրաինական հակամարտության հենց սկզբից սպասելի էր, որ Բաքվի ռեժիմը արցախյան եւ հայաստանյան ճակատում լարվածությունը մեծացնելու է, սակայն, Ուկրաինայում, ռուսական կողմից ադրբեջանական հյուպատոսության թիրախավորումը իրադարձություններն ավելի վտանգավոր փուլ մտցրեցին. ադրբեջանական դիրքի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով գազատարն է վնասվել եւ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վերանորոգման աշխատանքներին, Երասխի հատվածում հայկական կողմը զոհ եւ վիրավոր ունի, մի քանի օր է՝ Արցախի Խրամորթ գյուղն է թիրախավորվել, այն բանից հետո, երբ փետրվար ամսին ադրբեջանական կողմը շուրջ երեք օր, բարձրախոսով գյուղը լքելու կոչեր էր անում: Այս եւ այլ թիրախավորումներն Ադրբեջանի կողմից, արդյոք ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանք չեն:

-Շփման գծում լարվածությունը ուղիղ համեմատական է ուկրաինական ճգնաժամում տեղի ունեցող գործընթացներին: Ձեր կողմից նշվեցին կոնկրետ դեպքեր, որոնք տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ճգնաժամի դրսևորման ընթացքում: Անկախ այս կոնկրետ դեպքերից, մեր տարածաշրջանում սրացումն անսպասելի չէր: Ադրբեջանը հետևողականորեն սրում է իրավիճակը՝ օգտվելով առիթից, որ Ռուսաստանն այս պահին առավելապես կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ: Հետևաբար, ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ձգձգման ֆոնին, ադրբեջանա-արցախյան հակամարտության սրացման հնարավորություններն առավել անխուսափելի են դառնում: Ադրբեջանն ունի իր հեռանկարային հաշվարկները և հող է նախապատրաստում հետագա գործողությունների համար:

Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմից սադրանքները շփման գծի երկայնքով երբևէ չեն դադարել, բայց մարտի 5-ին, Թուրքիայի ԱԳՆ նախարարի Բաքու այցից, իսկ մարտի 10-ին Անկարայում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո, էականորեն փոխվել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների բովանդակությունը: Օրինակ՝ մարտի 7-ի կամ մարտի 11-ի հաղորդագրություններով, հայկական կողմը մեղադրվում է 4-5 ուղղություններով ադրբեջանական դիրքերն իբրև թե գնդակոծելու փաստով:

Ես կհատկանշեմ ադրբեջանական կողմի մեկ այլ հաղորդագրություն, որը բոլորովին նման չէ հրադադարի պայմաններում տրվող ՊՆ հաղորդագրության և գաղտնազերծում է Ադրբեջանի գործողությունների օրակարգը, որի մեջ ասվում էր. «Ադրբեջանական բանակը հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին…»: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններով հիմք են նախապատրաստվում իրավիճակն աստիճանաբար սրելու համար: Վերջին օրերին, տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվել և արկակոծվել են Խրամորթ, Խնուշինակ, Խնապատ, Նախիջևանիկ, Թաղավարդ, Կարմիր շուկա գյուղերը: Ադրբեջանը կոնկրետ հավակնություններ ունի Խրամորթի նկատմամբ: Տևական ժամանակ գյուղի նկատմամբ իրականացվել է հոգեբանական ահաբեկչություն. բարձրախոսով գյուղի բնակիչների համար հնչեցվում էին գյուղը լքելու կոչեր, ինչին էլ հետևել է ականանետի կիրառումը: Այս հետևողական գործողությունները փաստում են, որ Խրամորթը գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի սպառնալիքի տակ: Իհարկե, պարզ է նաև, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման իր պլաններից:

Իրավիճակի լրջությունը գնահատվում է ԱՀ ուժային կառույցների կողմից, սրացումը և բոլոր բացասական զարգացումները գտնվում են ՌԴ խաղաղապահության ուշադրության կենտրոնում: Լարվածության թուլացման նկատառումներով խաղաղապահները մարտի 10-ին հենակետ են տեղադրել Խրամորթի գյուղամերձ տարածքում:

Այս ամենին զուգահեռ՝ ադրբեջանական կողմը գործընթաց է սկսել նաև մեկ այլ ճակատով: Վերջին օրերին, նամակներով դիմելով ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ–ին Ադրբեջանը հատկանշել է, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Պարզ է նաև այս քայլի նպատակը՝ վերջնարդյունքում վերահսկողություն ձեռք բերել միջանցքի նկատմամբ՝ դուրս մղելով ռուսական խաղաղապահությանը: Ինչո՞ւ դա հենց այս օրերին տեղի ունեցավ, դա էլ ունի իր բացատրությունը: Հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը՝ ՌԴ հատուկ ռազմագործողության նկատմամբ, Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ՌԴ խաղաղապահության ներկայությունը բացասական և կողմնակալ քողի տակ ներկայացնելու, Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու, ըստ այդմ էլ հիմք նախապատրաստելով հարմար պահի այն դուրս մղելու ուղղությամբ:

-Ինչո՞վ կբացատրեք ռուս-ադրբեջանական նկատելի լարվածությունը՝ երկու երկրների ղեկավարների կողմից վերջերս ռազմավարական համագործակցության մասին ստորագրված համագործակցության ֆոնին:

-Դեկլարացիայի ստորագրումը դիտվել է որպես երկուստեք շահեկան փաստաթուղթ, դրանով գրանցվել է ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների ամենաբարձր մակարդակը: Փաստացի, ՌԴ-ն տարածաշրջանում ադրբեջանական կողմից սպասվող վտանգներից ապահովագրման նպատակ ուներ: Ադրբեջանական կողմն էլ իր հաշվարկներն ուներ այս հարցում: Ըստ այդմ, ուկրաինական ճգնաժամում ՌԴ նկատմամբ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները զգուշավորությամբ են արտահայտվում: Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական շրջանակներին, ապա հատկապես ադրբեջանական պրոիշխանական մեդիայում և սոցցանցերում կա հակառուսական ահագնացող քարոզչություն: Դրան զուգահեռ, տեղեկատվական գրոհը հսկայական ծավալներ է ընդունել ռուսական խաղաղապահության նկատմամբ. խաղաղապահները մեղադրվում են կողմնակալ գործելակերպում: Օրինակ, կեղծ հիմքերով տեսանյութ է պատրաստվել՝ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Վոլկովի մասին: Կարծում եմ, որ սա խաղաղապահությանը հեղինակազրկելու անհաջող փորձ էր: ՌԴ ՊՆ խաղաղապահ կոնտինգենտն Արցախի Հանրապետությունում շարունակում է առաջնորդվել իր օրակարգով:

– Պաշտոնական Երեւանը չի մեկնաբանում այս իրադարձությունները, իսկ ՀՀ խորհրդարանի իշխանական պատգամավորները հայտարարում են, որ խաղաղության դարաշրջանի մասին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները համընկնում են, իսկ մնացածը՝ ռուս խաղաղապահների գործն է: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Կարծում եմ, որ նման գործընթացի համար անհրաժեշտ պրակտիկ հիմքեր են պետք, որն այս պահին չունենք: Դա այն գործընթացն է, որը միակողմանի չի կարող դրսևորվել: Ես առավել պրակտիկ և իրատեսական գործելակերպի կողմնակիցն եմ: Խաղաղ տարածաշրջան ունենալն իսկապես բոլորիս ցանկությունն է: Բայց եթե այսօր Արցախի Հանրապետության հումանիտար հարցերը, նկատի ունեմ գազատարի թեման, միջպետական մակարդակով լուծում չի ստանում և լուծում ստանալու համար միջազգայնացվում է, ապա կարծում եմ, վաղ է որևէ ակնկալիք ունենալ՝ իրական խաղաղության դարաշրջանի հարցում: Ի լրումն ասվածի՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և ՀՀ նկատմամբ շարունակվող սադրանքները շփման գծում որևէ լավատեսական հիմք չեն տալիս այս հարցում:

Կարծում եմ, որ մեզ իսկապես բարդ ժամանակներ են սպասվում և պետք է ուղղակի պատրաստ լինել դրան: Ի թիվս այդ խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ՌԴ դիրքորոշումը Եվրոպայի խորհրդից և համապատասխանաբար նրա բոլոր մեխանիզմներից դուրս գալը, օրինակ, թերեւս խնդիր կարող է առաջադրել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցում:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031