Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Վարդան Մինասյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը

Մարտ 11,2022 15:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին նշված է Վ.Մինասյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

2022թ. մարտի 4-ին դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), խնդրելով՝ Վարդան Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված, ձեռնարկել միջանկյալ միջոց՝ Վ.Մինասյանի կալանավորումը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով:

2022թ. մարտի 7-ին, այսինքն 3 օր անց, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր է առաջադրել Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Շուրջ 4 ամիս է, թե դատարանների և թե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի առջև բարձրացնում ենք խնդիր առ այն, որ Վ.Մինասյանը տառապում է հիվանդություններով, որոնք ներառված են ՀՀ կառավարության N-825-Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, ուստի Վ.Մինասյանի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Թե դատարանները և թե հակակոռուպցիոն կոմիտեն մինչ օրս անտեսում են վերը նշված հանգամանքը, ավելին՝ անգամ բժշկական փորձաքննություն չեն նշանակում պարզելու համար, թե արդյոք Վ.Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կարող է կիրառվել, թե՝ ոչ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հրատապ կարգով՝ 3 օրում, արձագանքել է մեր գանգատին՝ մտահոգվելով Վ.Մինասյանի առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի առնչությամբ, սակայն ՀՀ դատարաններն ու հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 4 ամիս է անտեսում են մեր միջնորդություններն ու փաստարկները Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Վարդան Մինասյանի տևական ազատազրկումը հանգեցրել է նրա առողջական վիճակի շարունակական վատթարացմանը: Ներկայումս էլ, Վարդան Մինասյանի մոտ առկա առողջական խնդիրները շարունակում են խորանալ՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար:

Լիահույս ենք, որ ՄԻԵԴ արձագանքը հայրենի իրավապահ մարմինների համար կունենա սթափեցնող նշանակություն և հրատապ կարգով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ Վարդան Մինասյանի կյանքին սպառնացող վտանգը վերացնելու և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը վերացնելու ուղղությամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել