Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրո՛պ ջան, մի-երկու լրացում արեք էդ օրենքին, ի՞նչ կլինի

Մարտ 11,2022 15:04

(պետական հիմնարկներից եկող անհասկանալի, բարդ, խուսափուկ տեքստերի մասին)

Նախ ասեմ, որ Մեսրոպը, որին դիմում եմ, տեղեկատվության հարցերով հմուտ փորձագետ Մեսրոպ Հարությունյանն է, օրենքն էլ՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, որի մշակման գործում Մեսրոպը մեծ, ամենամե՛ծ ներդրումն ունի։

Մեսրո՛պ ջան, մենակ ես դու գիտենք, թե մամուլի քարտուղար եղածս ժամանակ ինչքան եմ քեզ դիմել՝ «քո իսկ գրած օրենքի էսինչ նրբությունը մի հատ ինձ բացատրելու» համար։ Մյուս տարի օրենքի քսանամյակը կտոնենք, ու անկեղծորեն կասենք, որ շատ պետքական ու կարևոր դուրս եկավ. ներսից եմ տեսել, թե ինչպես են պետական աշխատողները սարսափում տեղեկություն հայցող դիմումներին պատասխանելու հիմնական՝ հնգօրյա ժամկետը խախտելուց։

Չգիտեմ, կարո՞ղ է հնգօրյա ժամկետն է պատճառը, որ երբեմն պատասխանում են անկապ, տրաֆարետային, անհասկանալի, անգամ խուսափողական գրություններով, որոնցում, պատահում է, իսկի մարդու հայցած տեղեկությունն էլ չկա։ Ուրիշ պատճառների մասին մտածել անգամ չեմ ուզում, ի վերջո, հանրային ծառայողի մասին է խոսքը. ի՛նքն է գրում։ Բայցև, ամենևին չեմ խնդրում երկարաձգել հնգօրյա ժամկետը։ Ո՛չ։

Գիտենք, օրենքը պահանջում է, որ տրամադրողը պետք է ապահովի հանրության համար տեղեկության մատչելիությունը, որ պետք է տա հավաստի և ամբողջական տեղեկություն։ Բայց մեր դարում ու մեր իրականության մեջ դրանք բավարար պայմաններ չեն. վերը նշեցի, թե երբեմն ինչ պատասխաններ են լինում։

Մեսրո՛պ ջան, մի անգամ էլ կպիր գործին, ի՞նչ կլինի. ընդամենը երկու լրացում եմ խնդրում օրենքում՝ որ տրամադրվող տեղեկությունը պետք է հասկանալի լինի կրթական ցանկացած ցենզ ունեցող քաղաքացու համար։ Եվ անպայմա՛ն պետք է պարունակի մարդու հայցած կոնկրետ տեղեկությունը։ Պահանջված տեղեկությունից ավելին տրամադրելն իր գործն է, բայցև, կարծում եմ, այնքան էլ չի վկայում որակյալ պատասխանի մասին։

Վաղուց եմ նկատել, որ հարցը «ցրելու տրյուկներից» է խրթին, տերմինախեղդ, օրենքի հղումներով խճողված տեքստերով պատասխան-նամակը, բայց համբերությանս բաժակն անձնական օրինակի վրա լցվեց։ Ու հետևողական եմ ոչ միայն ինձ համար, ու ոչ այնքան՝ ինձ, այլ այն հազարավոր մարդկանց համար, որոնք նման գրություններից գլուխ չհանելով՝ սուսուփուս ընկրկում են։ Անկեղծ ասած, անգամ ես հավես չունեմ նորից նամակ գրելու և հիշեցնելու՝ բայց դուք իմ խնդրած տեղեկությունը չե՛ք տրամադրել։

Այսպես։ Աշխատանքի և սոցապ նախարարության միասնական ծառայության պետին նամակ եմ գրել։ Համառոտ պատմել եմ, որ պոլիկլինիկայում՝ հաշմանդամության կարգ ստանալու ուղեգրի համար եմ դիմել, և որ այնտեղ մի կին չինովնիկ ինձ բանավոր հայտնել է, թե Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտի համապատասխան տեղեկանքը սոցապի տվյալ մարմինը չի ճանաչում, խորհուրդ տվել այդպիսի տեղեկանք վերցնել այլ կոնկրետ հաստատություններից։ Նամակում նշել եմ, որ ախր իր առաջարկածներում ոլորտի մասնագետերն իմ երեսն անգամ չեն տեսել, ի՞նչ տեղեկանք տան, ես բուժվել ու հսկողության տակ եմ հենց այդ ինստիտուտի բժշկի մոտ։ (Ասեմ, որ նշածս ինստիտուտը կոչվում է Ֆրանսիական, բայց լիցենզավորված է և գործում է Հայաստանում)։Նամակ աշխատանքի և սոցապ նախարարություն PDF

Դիմումում նշված մի հատիկ հարցս սա է եղել՝ իրավական ի՞նչ հիմքով Ձեր ենթակայության մարմինը չի ճանաչում լիցենզավորված տվյալ բուժհիմնարկի տված փաստաթուղթը։ Հարցս էլ ընդգծել եմ։

Ստացել եմ պատասխան, որում նկարագրված է հաշմանդամություն ստանալու կարգը՝ խճողված հղումներով, բարդ ու երկարաշունչ նախադասություններով։

Պատասխան նամակում մի քանի անգամ հղված իրավական ակտերը՝ համեմատաբար շատ ավելի պարզ ու հասկանալի շարադրանքով, հանգիստ կարող էի գտնել համացանցում (և գտել եմ)։ Իսկ գլխավոր հարցիս պատասխանը (խնդրածս տեղեկությունը) նամակում չեն տվել, ոչ էլ նշվում է՝ ի վերջո, Ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտի տված տեղեկանքը իրենք ճանաչու՞մ են, թե՞ ոչ։

Այս հոդվածին կցում եմ նամակս էլ, պատասխանն էլ. ով հավես ունի, կարող է նայել։ Ես իրենց չեմ հարցրել, թե ինչ կարգ է գործում, ընդամենը հարցրել եմ, թե ի՞նչ հիմքով չեն ճանաչում տվյալ հիմնարկի տեղեկանքը (դե ես մի բան գիտեմ, որ հարցնում եմ. խորը կասկածներ ունեմ, որ չկա այդպիսի սահմանափակում)։ Իսկ իրենք լղոզել են պատասխանը։

Սա չի՞ նշանակում երկու անգամ ապուշի տեղ դնել քաղաքացուն (մի անգամ՝ պոլիկլինիկայում, մի անգամ՝ նախարարության ծառայությունում)։ Ավելին՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացուն։ Ավելին՝ շատ քաղաքացիներ՝ բարձր կրթական ցենզ չունենալու պատճառով ավելի անօգնական են լինում, տեղեկություններում չկողմնորոշվող, այդքան բարդ ու խճողված նախադասություններից գլուխ չհանող։ Ամենատարբեր խրթին տեքստեր վերծանող լրագրողս անգամ մի հազար անգամ կարդալուց և փնտրելուց հետո հասկացավ, որ իր հայցած տեղեկությունը պարզապես չկա նամակում, ուր մնաց թե…

Մի խոսքով, Մեսրո՛պ ջան, ընդամենը՝ երկու լրացում -պարտադրանք ենք խնդրում օրենքում, ահագին մեծ լավություն կլինի հազարավոր քաղաքացիների համար։

Ի դեպ, նաև լրագրողների համար. վերը նշածս եղանակը հատկապես լրագրողների գրավոր անցանկալի հարցերին չպատասխանելու տրյուկ է։ Չեմ ուզում իմ ու նախկին ղեկավարներիս գլուխը գովել, բայց լավ էլ հիշում եմ, թե մշակույթի նախարարությունում կամ Կադաստրում ինչ հետևողականությամբ էինք լրագրողներին և այլոց ուղարկելուց առաջ նման պատասխանները հետ ուղարկում այն գրած ծառայողներին՝ շտկելու, եթե շարադրանքը հստակ չէր լինում, ու հղված որևէ հարցի պատասխան ներառված չէր լինում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռուզան Խաչատրյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031