Վերաքննիչ քրեական դատարանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լուսանկարում) խափանման միջոց՝ կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքի մարտի 11-ին նշանակված քննությունը հետաձգվեց։ Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատճառը մեղադրող դատախազի նիստին չներկայանալն է։
Ըստ պաշտպանի, դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին եւ բացի դրանից՝ չի ստացել վերաքննիչ բողոքը։ «Ես գտնում եմ, որ այստեղ ակնհայտ երեւում է դատախազության վերաբերմունքն այս գործի հանդեպ։ Ինչպե՞ս կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը: Ինչ վերաբերում է բողոքը չստանալու հանգամանքին, ապա երկրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում. նախորդ նիստը նշանակվել էր փետրվարի 28-ին, բայց մենք այդ մասին ծանուցվել ենք մարտի 2-ին. հավանաբար, փոստը ուշ է հասցրել ծանուցումը։ Մարտի 2-ին ծանուցվելով բողոքի քննության առկայության մասին՝ ինչո՞ւ դատախազը ժամանակ չի տրամադրել այդ բողոքին ծանոթանալու: Նրա համար մեկ զանգ էր պետք դատարանի կազմի հետ կապվել ու խնդրել, որ բողոքն ուղարկեն իրեն։ Այս վարքագիծը ցույց է տալիս, որ դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ», – համոզված է Արսեն Սարդարյանը։
Վերաքննիչ դատարանը հերթական նիստը նշանակեց մարտի 14-ին։
Բորիս Բախշիյանի պաշտպանի խոսքով, այս քրգործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթատեքստերով կամ ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նրա լիազորություններ դադարեցվին ու Բորիս Բախշիյանը կալանավորվեց փետրվարի 7-ին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ