Լրահոս
Օրվա լրահոսը

«1 միլիոն դրամից ավելի գումար՝ 1 վառելիքաբաշխիչ աշտարակի համար»․ պատգամավորները սա խնդրահարույց համարեցին

Մարտ 11,2022 14:00

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում՝ օրակարգում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշխատակներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։

Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց՝ նախագծի հետաձգման գլխավոր պատճառը ոչ թե այն էր, թե սարքի միջոցով հնարավո՞ր է չարաշահումներն ամբողջությամբ բացառել, այլ գինը․ «Տնտեսվարողների համար հավելյալ բեռ է առաջանում։ Եթե չեմ սխալվում, սարքը մոտ 600 հազար դրամ է։ Այսինքն, գազալցակայանի մեկ աշտարակի համար այդքան ծախս է առաջանում։ Եթե գացալցակայանը մի քանի աշտարակ ունի, մի քանի միլիոն դրամի բեռ կառաջանա։ Գնի հետ կապված կոնկրետություն կա՞»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ ըստ սարքն արտադրողի հետ քննարկումների՝ 600 հազար դրամը նախնական արժեքն է․ «Արժեքը բավականին մեծ է ստացվում՝ մեկ միլիոնից մինչեւ մեկ միլիոն 200 հազար դրամ»։ Բաբկեն Թունյանը զարմացավ․ «Մեկ սարքի համա՞ր»։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ զարմացած թափահարեց ձեռքերը։ «Այդպես է ստացվում կոնկրետ այդ արտադրողի դեպքում»,-հավելեց նախարարության պաշտոնյան։ «Գուցե ա՞յլ արտադրող կա»,-հետաքրքրվեց Թունյանը։

Միջամտեց շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը․ «Կներեք, գուցե մենք պահանջներն արտադրողին այլ կերպ ենք ներկայացրել, բայց գրեթե նույն պահանջներով մեկ այլ արտադրողի հետ ենք հանդիպել, եւ թիվը կազմել է մինչեւ 150 000 դրամ։ Երկուսին էլ կարող ենք տեխբնութագիր ուղարկել եւ հասկանալ։ Գուցե սերվերների ծախսերը ներառված է նշյալ թիվը եղել, բայց միայն հայկական արտադրության սարքի արժեքը կոպիտ հաշվարկով մինչեւ 150 000 դրամ է։ Սարքից ու ծրագրից բացի պետք է լինեն սերվերներ, որոնց պետք է փոխանցվեն տվյալները։ Իմ ասած տարբերակով սերվերների (որոնք գտնվելու են ենթադրաբար տեսչական մարմնում) գները ներառված չեն։ Կարող ենք սերվերների գները ճշտել եւ հասկանալ՝ գուցե սերվերների եւ սպասարկման գինը հե՞տն է այդքան գումար կազմում, բայց կոնկրետ սարքի արժեքը մինչեւ 150 000 դրամ է։ Տնտեսվարողները կարող են գնային առաջարկ ներկայացնել»։

ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը շեշտեց, որ տնտեսվարողի ծախսի չափը պետք է հստակ իմանալ։ Կոտոլյանը նշեց, որ դա կախված է վառելիքաբաշխիչ աշտարակների քանակից։

Բաբկեն Թունյանը հավելեց՝ ակնկալում են, որ մինչեւ հանձնաժողովում այս հարցով հաջորդ քննարկումը նման հարցերի պատասխանները լինեն՝ սարքերի, ընդհանուր սպասարկման արժեքը, տնտեսվարողի կրելիք բեռի չափը, տնտեսվարողին տրամադրվելիք ծառայության ժամկետը․ «Վերջիվերջո, սա մտնելու է գազի գնի մեջ եւ սպառողների վրա ծանրանալու է որպես վառելիքի գին։ Մի քանի առաջարկ պետք է քննարկել եւ հասկանալ, այլապես ինչպե՞ս հասկանամ՝ սա հիմա նպատակահարմա՞ր է, թե ոչ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ հետաքրքրվեց՝ վերահսկողության նման տարբերակի միջազգային փորձի ուսումնասիրություն կա՞, տարածաշրջանի ո՞ր երկրի հետ է հնարավոր համեմատական անցկացնել։ Էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը պատասխանեց՝ միջազգային փորձն ուսումնասիրել են, բայց ավելի շատ տարածաշրջանի երկրների փորձն են հաշվի առնել․ «Ռուսաստանում նման համակարգը ներդրված է եւ ոչ բոլորի համար է պարտադիր։ Իրանում նույնպես»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031