«Վերջին դեպքերը, տարբեր խաղաղ համայնքների վրա ուղղակի կրակոցներ, ժողովրդին ահաբեկումներն, իրենց հիմքում ունեն հայատյացության դրսեւորումներ՝ կրոնական եւ էթնիկ հիմքով, ատելության սիստեմիկ կառավարվող քաղաքականության դրսեւորումներ»,- այսօր «Հոդված 3» ակումբում կայացած՝ «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսեւորումներն ու հետեւանքները», թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԱՀ խաղաղ բնակիչներին եւ բնակավայրերը թիրախավորելու դեպքերին: Բանախոսի կարծիքով, շատ միամիտ պետք է լինել՝ ասելու համար, որ դրանք պատահականություններ են։
«Բազմաթիվ զեկույցներով եւ միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների, նաեւ՝Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք առաքելություններով, զեկույցներով, վերլուծություններով, նաեւ բազմաթիվ գրականությամբ, ապացուցված է, որ ադրբեջանական պետության կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ: Դրանով կերակրվում է ադրբեջանական հասարակությունը։ Շատ դեպքերում դա էր, որ այս ընթացքում հանգեցրել է մի քանի պատերազմների, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որն ուղեկցվել է հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որը խրախուսվում է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Պետական հովանավորչությամբ հայատյացության եւ թշնամանքի քարոզը իրականում շատ վտանգավոր ու ծայրահեղ, անգամ ֆաշիստական դրսեւորումների է հասնում»,- ասաց ՀՀ Քրիստինե Գրիգորյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական այդօրինակ քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հիմնվում՝ հիմնականում՝ էթնիկ, բայց նաեւ կրոնական հիմքը կա։
Քրիստինե Գրիգորյանը վերջին օրերի ադրբեջանական գործողությունները հանցավոր էր որակել. այսօր էլ նա պնդեց իր կարծիքը՝ հավելելով, որ այլ կերպ հնարավոր չէ որակել իրենց բնօրրանում խաղաղ ապրող մարդկանց նման ահաբեկումները, քանի որ թե Խրամորթի, թե Մարտունու շրջանի գյուղերի, Կարմիր Շուկայի եւ մյուս գյուղերի նկատմամբ այդ քաղաքականությունը, հնչող ահաբեկչական կոչերը, դրանց ուղեկցումները կրակոցներով՝ ընդհուպ մինչեւ ականանետերից, ուղղակի հանցավոր գործունեության մասին վկայություն են:
Քննարկմանը մասնակից Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համամիտ է հայաստանցի գործընկերոջ որակումների հետ՝ հավելելով, որ նման քաղաքականության նպատակը կոնկրետ է՝ Արցախի հայաթափում ու Արցախում էթնիկ զտում իրականացնելը։ Իր բնութագրմամբ, այդ քաղաքականությունը նաեւ ԽՍՀՄ տարիներին է վարվել՝ Ադրբեջանի խորհրդային իշխանության կողմից համապատասխան քաղաքականություն վարելով: Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ արցախյան առաջին պատերազմից հետո հնարավոր եղավ սեփական ուժերով կազմակերպել եւ ապահովել անվտանգությունը, բայց ադրբեջանական հայատյացությունը մտավ դպրոցներ եւ մանկապարտեզներ, ամեն գնով ապահովվեց, որպեսզի մեծանա մի սերունդ, որը չի հանդուրժում հայ քրիստոնյա մարդուն: Վերջինիս դրսեւորումներին էլ ականատես եղանք 44-օրյա պատերազմում, երբ ոչ միայն դաժանորեն սպանվում էին հայերը, այլ պղծվում էր հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:
Կարդացեք նաև
«2020 թվականի պատերազմից գրեթե մեկուկես տարի է անցել, Ադրբեջանն էլի ուղղորդված եւ համակարգված իրականացնում է հայատյացության եւ Արցախի հայաթափման քաղաքականություն։ Իրենք շատ լավ հասկանալով, որ հնարավոր է, որ իրենց քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվի որպես համակարգային այլատյացություն, նախագահի մակարդակով հայտարարում են, որ գրանցվող դեպքերը չեն կրում համակարգային բնույթ, հատուկենտ են եւ այլն։ Այսպիսով, նրանք փորձում են մանիպուլացնել միջազգային կազմակերպություններին եւ թույլ չտալ մտածել, որ իրենց քաղաքականությունը համակարգված բնույթ ունի»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Այս պարագայում, հայկական կողմերի խնդիրն է, ըստ ԱՀ ՄԻՊ-ի, հակառակն ապացուցել՝ փաստերով, փաստագրված նյութերով ցույց տալ, որ սրանք հատուկենտ դեպքեր չեն, որ սրանք այս կամ այն զինծառայողի կամայական գործողություններ չեն, այլ ուղղորդված են մեկ կենտրոնից եւ այդ կենտրոնն ադրբեջանական իշխանություններն են հենց նախագահի գլխավորությամբ։
Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ, նախորդ օրերի հետ համեմատությամբ, այսօր լարվածության որոշակի թուլացում կա թիրախավորված բնակավայրեի ուղղությամբ, սակայն, դա երաշխիք չէ, որ առաջիկայում նման դեպքերն այլեւս չեն կրկնվի: Անվտանգության առումով, միակ երաշխիքը ԱՀ ՄԻՊ-ը ևս համարում է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը եւ կիսում է այն կարծիքը, որ կատարվողն աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի:
Ինչ վերաբերվում է գազատարին, որը դեռ օրեր առաջ էր վնասվել, դեռ շարունակում է մնալ՝ բազմաթիվ սոցիալական, հումանիտար, արտադրական եւ կրթական խնդիրներ առաջացնելով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ