ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ընթանում է քննարկում՝ օրակարգում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով գազաբենզալցակայաններին պարտադրվում է բաշխիչ աշխատակներում ստուգող սարք տեղադրել՝ թերլցումները բացառելու համար։ Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ փաթեթն արդեն մեկ անգամ հետ է ուղարկվել։
Ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց․ «Մենք արդեն իսկ քննարկումներ ունեցել ենք։ Հաշվի առնելով թերլցումների վերաբերյալ նախարարություն ստացվող պարբերական բողոքները՝ նախաձեռնել ենք իրավական կարգավորում․ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանվել է պահանջ՝ ռեժիմի ռեգիստրով կահավորված լինել։ Միաժամանակ սահմանվել է համապատասխան վարչական պատասխանատվություն»։
Վահե Հակոբյանն ավելի մատչելի լեզվով ներկայացրեց, թե որն է տնտեսվարողների հետ քննարկման ենթակա խնդրի առարկան․ «Նախարարությունն առաջարկում է բոլոր գազաբենզալցակայանների աշտարակների վրա տեղադրել սարքեր, որոնք կվերահսկեն լիցքավորման չափը, ժամը։ Այդ կերպ հնարավոր կլինի պարզել՝ տնտեսվարողը սպառողին փորձո՞ւմ է մոլորեցնել, թե ոչ»։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պարզաբանեց․ «Խոսքը ոչ թե չափն ու քանակը վերահսկելու մասին է, այլ նրա, որ շատ ժամանակ տնտեսվարողները կարողանում են միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետեւանքով լինում են թերլիցքավորումներ։ Այս սարքի օգնությամբ մենք տեսնելու ենք՝ միջամտություն կա՞, թե ոչ։ Եթե կա, ստուգում է լինելու»։
Կարդացեք նաև
Ստանդարտացման եւ չափագրության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանն էլ իր հերթին ասաց․ «Ճիշտ լիցքավորումը մի քանի չափանիշներից է կախված, եւ սարքը վերահսկելու է դրանց հանդեպ հնարավոր միջամտությունը։ Խոսքը կշեռքի, խտության մասին է։ Սարքը հնարավորություն է տալու գրանցել բոլոր միջամտություններն այդ չափանիշներին, եթե դրանք փոփոխություն են գրանցում»։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ եթե սարքը տեղադրվի, դրանից հետո որեւէ տեսակի միջամտություն հնարավո՞ր է։ Ալբերտ Բաբայանը պատասխանեց․ «Սարքը ծրագրային ապահովման միջոցով է ստեղծվել։ Դա կախված է նրանից, թե ծրագրային ապահովումն ինչ մակարդակի պաշտպանություն կունենա»։
Էկոնոմիկայի նախարարության որակի, ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը վստահեցրեց, որ սարքն արտադրողի հետ քննարկում են արել, եւ վերջինս վստահեցրել է, որ որեւէ միջամտությունը բացառվելու է։ Վահե Հակոբյանը չհամաձայնեց․ «Որպես մասնագետ կարող եմ ասել, որ հնարավոր չէ 100%-ով դա երաշխավորել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ