Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում կայացավ շախմատի բլից մրցաշար՝ նվիրված կանանց միամսյակին։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների և Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչներ։
Մրցաշարի 18 մասնակիցների մեջ էին նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, որոնք էլ զբաղեցրեցին առաջին և երրորդ տեղերը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչ Սամվել Մուրդայանը։ Առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցնող մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով, մյուս բոլոր խաղացողներին շնորհվեցին հավաստագրեր։
«Նման մրցաշարերը նպաստում և ամրապնդում է գործընկերային հարաբերությունները Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների և դեսպանատների միջև։ Մասնակիցներ կազմում թեև մեկ կին մասնակից ունեինք՝ Թուրքմենստանի դեսպանատան ներկայացուցիչը, բայց այսօրվա մրցաշարն ու հաղթանակները նվիրում ենք մեր սիրելի կանանց»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Հիացած եմ հայկական շախմատով, ես պրոֆեսիոնալ չեմ, բայց մեծ սիրահար եմ։ Տղամարդու համար շախմատ խաղալը պարտադիր պայման է։ Շախմատային տախտակի մոտ մոռանում եմ ամեն բան։ Ինձ մոտ այս մրցաշարը կարոտի զգացողություն առաջացրեց, շատ էի խաղում երիտասարդ տարիներին, հիանալի նախաձեռնություն էր, իմ հաղթանակն էլ մեծ շնորհակալություն է կանանց իրենց անփոխարինելի դերի համար»,- նշեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Կարդացեք նաև
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մրցաշարն իրականացնում է Հայաստանում շախմատի ակադեմիայի հետ համատեղ։
«Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Հնարավորություն ստեղծվեց խաղալ, մտածել և մրցել լավ միջավայրում։ Նման մրցաշարերը նպաստում են նաև շախմատի հանրայնացմանը»,- նշեց Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։
Մրցաշարը անց էր կացվում շրջանաձև կարգով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոններին համապատասխան, յուրաքանչյուր խաղի համար տրվում էր 5 րոպե ժամանակ։ Բլից մրցաշարը սպասարկում էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը։
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ