Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև կրթության, սպորտի ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Մարտ 11,2022 13:11

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին ներկայացրել են Հայաստանի կրթական համակարգի, սպորտի բնագավառի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջնահերթությունները:

 Նախարարի տեղակալները ֆրանսիական կողմի հետ քննարկել են  այդ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:

«Մշակույթ և պատմամշակութային ժառանգություն» խորագրով նիստի հիմնական բանախոսներն են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վենսան Բլանշարը, դերասան Սերժ Ավետիքյանը: Բանախոսները քննարկել են հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանն առնչվող ծրագրերը, որոնց թվում՝ մշակութային ժառանգության պահպանման, վերականգնողների վերապատրաստման, կինոկրթության, կինոժառանգության և համատեղ ֆիլմարտադրության հեռանկարները:

«Կրթություն, երիտասարդություն և սպորտ» վերտառությամբ առանձին նիստի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «ՖԻՖԱ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆի, «Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Ազնավուրի և Ժան Մուլեն Լիոն III համալսարանի պրոռեկտոր Մանուել Ժոբերի հետ ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության տարբեր մակարդակներում (հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն), ինչպես նաև սպորտի ասպարեզում հայ-ֆրանսիական առկա ծրագրերը, քննարկել այդ ծրագրերի զարգացման հնարավորությունները, ուրվագծել նոր ծրագրեր:     

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել