Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մինչ Թուրքիան առիթի էր սպասում բարելավելու հարաբերությունները հարեւանների եւ դաշնակիցների հետ, Ուկրաինայում պատերազմ սանձազերծվեց եւ տվեց նրան այդ հնարավորությունը»

Մարտ 11,2022 11:35

«Ազգ». Չինական ասացվածքն այն մասին, թե ճգնաժամը հնարավորությունն է ստեղծում, նոր կենսունակություն է հաղորդել Թուրքիային եւ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը։ Թուրքական տնտեսության ողբերգական գահավիժումը եւ 2023 թվականին Էրդողանի վերընտրվելու մարող հույսերը ստիպել էին իշխող AK կուսակցությանը վերանայելու իր արտաքին քաղաքականությունը` խուսափելու համար վերահաս աղետից։

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը մոտիկ թե հեռավոր շատ երկրների էր թշնամացրել։ Լարվածություն էր առաջացել Հունաստանի հետ հարաբերություններում Էգեյան ծովի հարցով, Կիպրոսի հետ` կղզու օֆշորային գազի պաշարների հորատման հարցով, Իսրայելի հետ` Համասի եւ պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցով, Սաուդյան Արաբիայի հետ` Ստամբուլի Սաուդյան հյուպատոսարանում «Washington Post» պարբերականի լրագրող Ջամալ Խաշոգգիի սպանության առիթով, Միացյալ Արաբական Էմիրությունների հետ` «Աբրահամյան համաձայնության» (Abraham Accords) առիթով, որ պաշտպանում էր Մահմեդական եղբայրների խմբակցությանը, Չինաստանի հետ` Սինցզիան Ույղուրական նահանգում բռնություններ իրականացնելու առիթով, Հայաստանի հետ` Ղարաբաղյան պատերազմի առիթով եւ վերջապես Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հետ` Ռուսաստանից S-400 կործանիչներ գնելու առիթով։

Այս բոլոր սխալ քայլերը երկիրը առաջնորդել էին մեկուսացման եւ տնտեսական ճգնաժամի։

Մինչ Թուրքիան առիթի էր սպասում բարելավելու հարաբերությունները հարեւանների եւ դաշնակիցների հետ, Ուկրաինայում պատերազմ սանձազերծվեց եւ տվեց նրան այդ հնարավորությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կատարած այցելությունները հետ չպահեցին Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ «ձգանը չքաշի»։ Իսկ պատերազմի հայտարարությունից հետո էլ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետի այցելությունն ու նախագահ Մակրոնի կոչերը նույնպես ապարդյուն մնացին, եւ Մակրոնը ստիպված եղավ զգուշացնել, որ «վատթարագույնին պետք է սպասել»։

Շուտով աշխարհը կիմանա, թե ինչ գործոններ են ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Ինչ որ Թուրքիային ցարդ հաջողվել է ձեռք բերել, սոսկ դիվանագիտական «հեղաշրջում» է, որը նրան դարձյալ միջազգային հանրության գիրկն է նետելու եւ արժանացնելու է համապատասխան վարձատրության։

Կարծես այդ դիվանագիտական հեղաշրջումը բավական չէր, որպեսզի Թուրքիան կենտրոնական դեմք դառնար, նրա բոլոր թշնամիներն այժմ հերթի են կանգնած այցելելու Թուրքիա եւ հարթելու Անկարայի հետ իրենց ձգձգված խնդիրները։ Տասը տարվա լարված հարաբերություններից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Անկարա է մեկնելու վերահաստատելու բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջեւ։

Թուրքիան կարող է հեշտությամբ հրաժարվել պաղեստինցիների դատը պաշտպանելուց։ Նա կարող է նաեւ Թուրքիայից վռնդել Համասի ներկայացուցիչներին։ Սրանք էին Իսրայելի պահանջները նախագահ Էրդողանից, որը սոսկ արջի ծառայություն էր մատուցում պաղեստինցիներին` մահմեդական աշխարհում պարզապես իր կերպարը բարձր պահելու նպատակով։

Հաջորդը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցն է։ Նա նախագահ Էրդողանին է հանդիպելու մարտի 13-ին։ Հունաստանն ու Թուրքիան արդեն երկար տարիներ իրար են մեղադրում Էգեյան ծովում սադրանքներ հրահրելու առնչությամբ։ Վերջերս արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ Էգեյան կղզիների ինքնիշխանությունը կարող է հարցականի տակ դրվել, եթե Հունաստանը շարունակի խախտել 1923 թվի Լոզանի պայմանագիրն ու 1947 թվի Փարիզի համաձայնագիրը։

Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչները իրենց ճիշտ տեղն են գրավելու, երբ Հայաստանի պատվիրակությունը հայտնվի Թուրքիայի շեմին` բանակցելու շրջափակումը վերացնելու եւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցերի շուրջ։

Թուրքիայի դիվանագիտության վերաձեւավորման կոնտեքստում եւ կիզակետում, մենք պարտավոր ենք քննարկել եւ վերլուծել Հայաստանի նորափթիթ դիվանագիտության ծանր իրավիճակը։ Հայաստանը, հատկապես Ուկրաինայում սանձազերծված պատերազմի հետեւանքում, մատնվել է դժվարին կացության։

Հայաստանը համարյա միակն էր, որ քվեարկեց Եվրոխորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության ժամանակավոր դադարեցման դեմ։ Նույն հարցով նա ձեռնպահ մնաց քվեարկելուց ՄԱԿ-ի մարդու իրավունքի խորհրդում։ Նաեւ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովում։ Վստահ չենք, որ այդ զգուշավոր դիրքորոշումները հարցականի տակ կդնե՞ն ԵՄ-ի խոստացած 2.6 միլիարդ եվրոյի օժանդակությունը, թե՞ ոչ, սակայն կարծես նման վերաբերմունքը բարկացրել է Ռուսաստանին, որն ակնկալում է հստակ, անվերապահ հավատարմություն։ Եվ իրոք, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ «համաձայնեցնելու համար երկու երկրների քաղաքականությունը Ուկրաինայում ծավալված պատերազմի վերաբերյալ»։ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ոչ մեկը նման խորհրդավոր եւ անհստակ հեռախոսազանգ չի ստացել։ Նրանք նաեւ չեն էլ մասնակցել համաշխարհային կառույցների քվեարկություններին։ Ենթադրվում է, որ Լավրովը հանդիմանել է Երեւանին չեզոք դիրք բռնելու համար։ Շուտով նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ստորագրվելու է մի համաձայնագիր հար եւ նման այն մեկին, որը Պուտինը ստորագրեց Ալիեւի հետ Ուկրաինայի վրա հարձակումից ժամեր առաջ։ Այդ առթիվ Փաշինյանը վստահաբար պարսավանքի է արժանանալու։

Մինչ դիվանագիտությունը փորձում է հարթել ուկրաինական ճգնաժամի կնճռոտ ճանապարհը, Հայաստանը գտնվում է երկու քարի արանքում։

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմ. Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

The Armenian Mirror-Spectator

Հոդվածը գրվել է մարտի 7-ին եւ անգլերեն հրատարակվել «Միրորի» մարտի 8-ի համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031