Մոսկվան տարածաշրջանում, ի դեմս Ադրբեջանի, ձեռք բերեց ռազմավարական երկրորդ դաշնակցին: Ու թեեւ ՌԴ ԱԳՆ-ն շտապեց իր պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով հանգստացնել պաշտոնական Երեւանին, թե Մոսկվայի հռչակագիրը խնդիրներ չի ստեղծի Հայաստանի հետ ռուսական դաշնակցային հարաբերությունների համար, մի բան պարզ էր՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց ի վեր միմյանց հետ ունեն իրենց հատուկ «հաշիվները», որոնց աստիճանաբար լուծում են տալիս: Ընդ որում՝ ինչպես միշտ, Հայաստանի շահերի հաշվին:
Ուկրաինական թնջուկի այս օրերին էլ Ռուսաստանին օդուջրի պես անհրաժեշտ է Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում, իսկ Ադրբեջանը, բնականաբար, ՌԴ-ից շատ սպասելիքներ ունի նախեւառաջ ԼՂ-ի հարցի հետ կապված: Օրինակ՝ այդպիսի հարցերից մեկը Արցախից հայկական զորամիավորումների դուրսբերումն է, ինչի մասին Ալիեւը բացեիբաց խոսեց մոսկովյան բանակցությունների ժամանակ:
Այնպես որ, Զախարովայի հավաստիացումները, թե Մոսկվան կպահպանի «իր վաղեմի եւ մտերիմ դաշնակցի»՝ Երեւանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, սոսկ խոսքեր են: Իրականում ավելի խոսուն է ինքը՝ 43 կետանոց հռչակագիրը, որի բազմաթիվ դրույթներ լուրջ վտանգներ են պարունակում ընդդեմ ՀՀ-ի եւ Արցախի: Չհիշատակելով այն, որ կողմերը վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դիրքորոշումները, հռչակագրի 11-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը վճռականորեն ճնշում են սեփական տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որն ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իսկ 18-րդ կետում ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են ջանքերը՝ ծայրահեղականության, անջատողականության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Կարծես թե՝ հեռու չեն այն ժամանակները, երբ ՌԴ պետական քարոզչամեքենան կունենա իրավական հիմքեր՝ հայերի ցանկացած ընդվզում «անջատողական» ու «ծայրահեղական» կոչելու՝ դրանից բխող հետեւանքներով, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղյան շարժման տարիներին: Ասել է թե՝ ծանր ժամանակներ են մեզ սպասվում, մանավանդ երբ դաշնակցիդ դաշնակիցը թշնամիդ է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» պարբերականում