Լրահոս
Օրվա լրահոսը

«Նացիստ», «դավաճան», «թալանչի» պիտակները

Մարտ 11,2022 10:00
ng

Քարոզչության եւ հրապարակախոսության մեջ կան բառեր, որոնք մարդիկ որպես պիտակներ կպցնում են իրենց ընդդիմախոսներին՝ նրանց վարկաբեկելու նպատակով: Այդ բառերի իմաստը թե՛ քարոզիչները եւ թե՛ նրանց «թիրախային լսարանը» հաճախ չեն հասկանում:

Նման պիտակները ռուս-ուկրաինական պատերազմում հաճախ օգտագործում է ռուսաստանյան քարոզչությունը: Մեր ընթերցողները պետք է որ իմանան, որ Բենդեր («ե»-ով) անունով քաղաք կա Մոլդովայում, իսկ Ստեփան Բանդերան («ա»-ով) ուկրաինացի ազգայնական էր, որի ղեկավարած կազմավորումները պայքար էին մղում Խորհրդային Միության դեմ, այդ թվում՝ զինված, նաեւ՝ գերմանացի նացիստների հետ համագործակցելով: Բանդերան սպանվել է 1959 թվականին Մյունխենում՝ ՊԱԿ-ի գործակալի կողմից:

Այսօրվա Ուկրաինայում իսկապես կան ծայրահեղական ազգայնական խմբեր, սակայն դրանց ազդեցությունը քաղաքական կյանքի վրա նվազագույն է: Այսպես, 2019 թվականի նախագահական ընտրություններում այդ խմբերի թեկնածուն ստացել է ընտրողների ձայների 1,6 տոկոսը, իսկ Ուկրաինայի քաղաքացիների 74 տոկոսը ձայն է տվել ազգությամբ հրեա Վլադիմիր Զելենսկուն, որի բարեկամներից երեքը Հոլոքոստի զոհ են, իսկ պապը Խորհրդային բանակի կազմում մասնակցում էր Մեծ հայրենական պատերազմին: Անվանել ուկրաինական բանակը (որի ծառայողների զգալի մասն, ի դեպ, ռուսներ են) «բանդերականներ», իսկ Ուկրաինայի իշխանությունը՝ «նացիստական», իրավաչափ չէ: Բայց պարզ է, որ «նացիստ» բառը ցանկացած նորմալ մարդու համար խիստ բացասական իմաստ ունի, եւ շատերը չեն խորանում՝ արդյոք այդ պիտակը կիրառելի՞ է Ուկրաինայի ներկայիս իշխանության հանդեպ:

Նույնը կարելի է ասել մեր ներքին քաղաքական կյանքում կիրառվող պիտակների մասին: Ընդդիմության մի մասը վարչապետին կպցնում է «դավաճան» պիտակը՝ չմանրամասներով, թե ինչ է դա նշանակում: Կիրառվող իմաստով դավաճանն այն գործիչն է, որը համագործակցել է հակառակորդ պետության (պետությունների) հետ՝ սեփական երկրին վնաս հասցնելու նպատակով: Այդ մեղադրանքը Փաշինյանի դեպքում, կարծում եմ, կիրառելի չէ: Նա ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ է տվել կոպտագույն սխալներ, իսկ պատերազմի ժամանակ, լինելով ԶՈւ գլխավոր հրամանատար, չի կարողացել ապահովել պաշտպանությունը եւ, հետեւաբար, մեր ժողովրդի անվտանգությունը: Բայց «դավաճան» պիտակի հետ այդ ամենը կապ չունի:

Նույնը՝ «թալանչին»: 1998-2018 թվականներին Հայաստանում կատարվել են կոռուպցիոն բնույթի բազմաթիվ հանցագործություններ, որոնց պատասխանատուներն առայժմ չեն պատժվել (տեսնես, ո՞վ է դրա համար մեղավոր): Բայց երբ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի երեսին շպրտում են «թալանչի» մեղադրանքը, այդ պիտակը կպցնողը պետք է բացատրի, թե ինչ է տվյալ պատգամավորը թալանել:

Այդ պատճառով է, որ ես վերապահում ունեմ «լյուստրացիա» հասկացության հանդեպ: Պատասխանատվությունը պետք է լինի անձնական, ոչ թե կոլեկտիվ: Մարդը պետք է պատժվի ոչ թե նրա համար, որ նա ՀՀՇ-ական է, ՀՀԿ-ական կամ ՔՊ-ական, այլ կոնկրետ ի՛ր արարքի համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ «ֆաշիստ» պիտակն ամենաբարձր մակարդակով ընդդիմախոսի հասցեին օգտագործել է Լևոն Տեր Պետրոսյանը՝ 1996 թ, իր նախընտրական ելույթներում: Հենց ինքն էլ, իր թիմով, Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ տապալել է սահմադրական կարգը՝ սկզբում կեղծելով խորհրդարանական, ապաև նախագահական ընտրությունները: Հետո իր սկսած գործը շարունակել են նույն թիմի անդամ իր երկու հետնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Այնպես որ, որպես սահմանադրական կարգը տապալողների, այս երեքին զուտ ձևական ավելի շատ կսազեր «դավաճան» պիտակը, քան «ազգակործան պատուհասին»: Բայց եթե գնահատենք պետության և ժողովրդի գլխին բերած աղետի տեսանկյունից, ապա վերջինն, անխոս, մրցակցությունից դուրս է, ու չեմ կարծում, թե «դավաճան» պիտակի բնորոշումն ընդգրկում է իր գործած չարիքի սահմանները:

    Պիտակների հարցում էլ իմ սիրելի Շվեյկն ունի իր դիպուկ բնորոշումը (պատկան մարմիններին խնդրում եմ վիրավորվել իրենից):
    «— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան, — և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։ Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան» բառն արտահայտում էր անպիտանության ու հիմարության բարձրագույն աստիճանը։ Այդ բառն իր մեջ ամփոփում էր ամեն ինչ …»
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

  2. Լավատես says:

    Լյուստրացիան՝ դա պատժել չի նշանակում, այլ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն է, մեր ժողովրդավարությունը դեռեւս անչափահաս է եւ ի վիճակի չի բարձր պաշտոններին բարձր պատասխանատվությամբ մարդկանց նշանակել եւ մինչ այսօր նշանակում է իր նման անչափահաս անպատասխանատու մարդկանց եւ այդ մարդկանց համար ինքը ժողովուրդն է պատասախանատու եւ իր մեղքի գերակշիռ բաժինը պետք է ընդունի, բայց ժողովուրդն ի՞նչ անի, ինչպե՞ս խարիզմատիկ բոցաշունչ բայց դատարկ ասենք ֆինինտերնի արտիստի փոխարեն պատասխանատու համեստ ոչշատխարիզմատիկ բայց ժողովրդասեր մտավորականին ընտրի: Շատ պարզ՝ ինչքան խարիզմատիկ ժողովրդասեր մարդիկ ունենք թող գովազդեն մեր ոչշատխարիզմատիկ մտավորականին՝ արտիստներ, մարզիկներ, գիտնականներ, գործարարներ, եթե մեր ժողովրդասեր խարիզմատիկ մարդիկ միասին հավաքվեն մի սենյակում եւ ընտրեն մեկին, ում համար նրանք գլխովին պատասխանատվություն են վերցնում իրենք իրենց վրա եւ միաձայն ընտրում այդ մեկին, ապա մեծ հավանականությամբ ամեն տեսակ անպատասխանատու մարդկանցից հաջորդ ընտրություններում կազատվենք: Սա միանվագ միջոց է, ժողովրդավարությունը պետք է համակարգային լինի եւ մեր պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների առաջնային գործը պետք է լինի ժողովրդավարության համակարգը ստեղծել, որը կպահանջի հստակ արդյունքներ եւ այդ արդյունքների ոչ բավարար կամ բացակայության դեպքում կստիպի հրաժարական տան:

    • Լավատես says:

      Մի քիչ ձեւափոխեմ.
      „Новый Мировой Порядок будет строиться против каждого государства, на руинах каждого государства и за счет каждого государства.“
      Երբ ազգերը միավորվեն եւ ստեղծեն սեփական Новый Мировой Порядок, այդ ժամանակ այսօրվա ատելության եւ եղբայրասպան պատերազմների արդյունքում Новый Мировой Порядок չի լինի:
      Ազգե՛ր, ձեր ապագան ձեր միավորման եւ սեփական Նոր աշխարհակարգի կառուցման մեջ է:

      • Լավատես says:

        Միգուցե այդ դենացիֆիկացիան ոչ թե նացիստներից ազատելն է, այլ ազգային պետությունները նացիաներից ազատելն է, ազգերից ազատելն է եւ միգուցե պետք է ընկալվի ապազգայնացում՝ ազգային ինքնության, ազգային մշակույթի, ազգային խոհանոցի ոչնչացում, ինչպես ժամանակին ազգային կրոններն ու գրերն ու գրականությունն էր այրվում, ինչպես նացիստներն էին ոչնչացնում այլ ազգերին, այնպես որ հնարավոր է ոչինչ չի փոխվել՝ նացիստները շարունակում են այլ ազգերին ոչնչացնել իրենց բարձրաստիճան մանկլավիկների ձեռքերով: Համակենտրոնացավարակը փորձեց ոչնչացնել ազգային տնտեսությունները, ինչ որ չափ ստացվեց, բայց ինչպես սովետի քանդելուց առաջ դատարկեցին խանութները, իսկ մեզ մեր բարձրաստիճան մանկլավիկների օգնությամբ մթի ու ցրտի մեջ պահեցին, բայց մեզ չկոտրեցին ոչ երկրաշարժով ոչ էլ մթով ցրտով, այնպես էլ հիմա՝ ինչքան էլ Եվրոպան իրենցով են արել, բայց ամենամեծ ոսկորը դրանց կոկորդին հենց Եվրոպան է, այնպես որ եթե ցուրտն ու մութը ու պատերազմը եւ դատարկ խանութները այսօրվա պատերազմի հետեւանքով այցելեն Եվրոպա, կարծում եմ այստեղ կգտնվեն խելոք ազգասեր մարդիկ, որոնք չեն ենթարկվի սադրանքներին եւ համագործակցության ձեռք կմեկնեն բոլոր հակամարտող կողմերին: Հիմա:
        Հայեր աշխարհի, միգուցե մեր առաքելությունն է միավորել բոլոր ազգերը, որոնք այդքան բարեհամբույր եւ հյուրընկալ գտնվեցին մեզ ընդունելով իրենց տանը, արարենք սիրո եւ ակտիվ համագործակցության վրա հիմնված Նոր աշխարհակարգը, որը կմիավորի բոլոր ազգերն ու պետությունները: Հավատ եւ արարչագործություն, եթե քրտնաջան արարենք (ոչ թե քրտնաջան աղոթենք:) ), Արարիչը մեզ իր աջակցությունը ցույց կտա: Հայե՛ր աշխարհի, կառուցենք մեր Նոր աշխարհակարգը:

  3. Սամվել Տոնույան says:

    Հայաստանի ՛՛թալան-թալանչիները՛՛ շրջանը 1991-2000թթ. է, սեփականաշնորհվել է վայրենությամբ, այդ շրջանի նոր ընդունված օրենքներին համապատասխան, Հայաստանի ամբողջ ունեցվածքի 75-80 տոկոսը:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Ընդդիմության մի մասը վարչապետին կպցնում է «դավաճան» պիտակը՝ չմանրամասներով, թե ինչ է դա նշանակում:”

    Ընդդիմությունը շատ էլ լավ մանրամասնել է, թե դա ինչ է նշանակում: Արդեն երեք հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ պետական դավաճանության հատկանիշներով, բայց նիկոլական դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն՝ գերագույն գլխավոր դավաճանի անմիջական հրահանգով: Երբ կկայանա այդ դատավարությունը՝ դժվար է ասել, բայց արդեն առկա փաստերը թույլ են տալիս եզրակացնել, որ տեղի է ունեցել ծրագրավորած, միտումնավոր, համակարգված պետական դավաճանություն… Դավաճանելու բազմաթիվ ապացուցված դրվագներ կան արդեն, եւ դրանցից մեկի թարմ ապացույցը տվեց հենց ինքը՝ գերագույն գլխավոր հողատուն: Ինքն իր բերնով խոստովանեց, որ հենց ինքն է հրաման տվել մեր զորքերին ետ քաշվել Կովսականում ու Սանասարում իրենց զբաղեցրած դիրքերից: Հրամանը եղել է անօրինական՝ խախտվել են ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներ, խախտվել է անգամ տխրահռչակ եռակողմ հայտարարության 1-ին կետը: «Բանավոր ըմբռնմամբ» կատարվել է պետական դավաճանություն՝ առնվազն այս դրվագի մասով:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Զարմանալ միայն կարելի է, թե ինչպիսի տքնաջանությամբ եւ համառորեն է փորձ արվում ջնջել նիկոլի վրայից դավաճանի պատվավոր խարանը: Թե բա՝ ինքը ընդամենը «կոպտագույն սխալներ» է թույլ տվել, լոկ մի ապաշնորհ ու անհեռատես կառավարիչ է: Ինչ եք պիտակներ կպցնում մեր խեղճ պատուհասի վրա. այն ավերածությունն ու աղետը, որ նա բերեց մեր գլխին այս 4 տարվա ընթացքում, այն թրքահպատակության ձոներգությունը, որը քարոզվում է որպես «խաղաղության դարաշրջան», ոչ մի կապ չունեն դավաճանության հետ: Կարճ ասած՝ մարդը պարզապես ապուշ է, բայց ոչ դավաճան…

    Ցավոք՝ դա այդպես չէ: Այժմ արդեն առավել քան ակնհայտ է, որ մեծարգո պարոն ազգակործան պատուհասը ապուշ չէ, նա մի տաղանդավոր ստախոս-զազրախոս-դատարկախոս է, որը շատ լավ է տիրապետում մարդկային զանգվածներին խաբելու, իր դավաճանական թունավոր մտքերը նրբորեն քողարկելու, դրանք փայլուն փաթեթավորելու եւ ժեխին խորամանկորեն մատուցելու արվեստին: Եւ շատ խելոք ու գիտակցված կերպով առաջ է տանում «խաղաղության դարաշրջանի» դավաճանական օրակարգը, որը պլանավորվել ու հաստատվել է պատերազմից դեռ շատ առաջ, պատերազմ, որը նա փայլուն կերպով հասունացրեց ու հրահրեց՝ հենց պարտվելու համար…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031