Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան ուժեղ ռինգում, այդքան նուրբ ու կանացի՝ ռինգից դուրս». 2019թ. ԵԱ-ի ոսկե մեդալակիր Անուշ Գրիգորյան

Մարտ 11,2022 12:00

Զրուցել ենք 2019թ. մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանի հետ: Նա դեռ 2013-ին պատանիների աշխարհի արծաթե մեդալակիր էր, 2014-ին ոսկե մեդալ էր նվաճել նաեւ պատանիների Աշխարհի առաջնությունում, 2015-ին դարձել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, ապա՝ բրոնզե մեդալակիր Ուսանողական խաղերում: Անուշը մարզվում է «Մոնթե Մելքոնյանի» մարզադպրոցում՝ Հակոբ Մելքոնյանի գլխավորությամբ:

– Ըստ քեզ, ի՞նչ առավելություններ ունի աղջիկ բռնցքամարտիկ լինելը Հայաստանում։

– Որպես էդպիսին՝ առավելություններ չկան, նույնիսկ մի քիչ դժվար է Հայաստանում լինել բռնցքամարտիկ: Շատերի կարծիքով՝ բռնցքամարտը իգական սեռի համար չէ…

– Բայց, որքանով տեղյակ եմ, դու նաեւ սիրում ես ֆուտբոլն ու երկրպագում Բարսելոնայի հավաքականին: Երբեւէ չե՞ս մտածել ֆուտբոլով զբաղվելու մասին:

– Երկրպագում եմ մանկուց: Հայրիկս էր շատ հետեւում, ես էլ իր օրինակով սկսեցի հետեւել ու երկրպագել, սակայն զբաղվել ֆուտբոլով՝ չեմ ցանկացել: Բայց փոքր տարիքում սիրել եմ ըմբշամարտն ու նույնիսկ հիշում եմ, որ ցանկություն կար զբաղվելու, բայց երբ իմացա՝ ականջներս կկոտրվի, ասացի՝ մենակ ոչ դա ու հետո ընտրեցի բոքսը:

– Ու դու հենց այն բռնցքամարտիկներից ես, ով լավագույնս համատեղում է ուժն ու գեղեցկությունը ու անգամ չես ընտրել ըմբշամարտը, որովհետեւ վախեցել ես ականջները կոտրելուց: Կռվի ժամանակ մտածո՞ւմ ես արտաքինիդ մասին, թե՞ ռինգում մոռանում ես ամեն ինչի մասին:

– Իրականում ես այսպես եմ մտածում. որքան ուժեղ լինել ռինգում, այդքան էլ կանացի ու նուրբ ռինգից դուրս: Կոնկրետ այդ ժամանակ չեմ մտածում, հետո, երբ ռինգից դուրս եմ գալիս, դեմքիս կապտուկ եմ ունենում, օրինակ, մի աչքս կապտած է լինում, մյուսը՝ չէ, ասում եմ՝ գոնե երկու աչքիս էլ կապտուկ լիներ, էլ չէի դիմահարդարվի (ծիծաղում է-Մ.Մ.)…

– 2018թ. կյանքումդ եղավ մի շրջան, երբ 7 ամիս դադարեցիր մարզվել, որովհետեւ վնասվածք ունեիր ու բուժում էիր ստանում: Արդեն 2019-ին դարձար մինչեւ 22 տարեկանների ԵԱ ոսկե մեդալակիր: Չե՞ս վախենում, որ հաղթանակներդ կարող են գրանցվել առողջությանդ հաշվին:

– Իմ մասին ամեն ինչ գիտեք…Ես այդ 7 ամիսների ընթացքում ամեն օր պայքարել եմ, ամեն օր հավատացել եմ, որ բուժվելու եմ ու այն նպատակներն ու երազանքները, որ այդ պահին կիսատ էին, ամբողջացնելու եմ: Ես այնքան շատ էի հավատում Աստծուն ու իմ ապաքինվելուն, որ անգամ չեմ մտածել սպորտից հեռանալու մասին:

– Այսինքն՝ վստահ ես, որ հավատքն առ Աստված չի թողնի, որ լուրջ վնասվածքներ ստանաս, որոնք կազդեն առողջությանդ վրա:

– Ավելի ճիշտ, միշտ ասում եմ՝ Աստված առաջ, լուրջ վնասվածքներ չունենանք, մնացածը քրտնաջան մարզումներով կհասնենք…

– Քո մարզիչը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ քաղցրավենիք շատ ես սիրում, բայց քաշդ պահելու համար հաճախ հրաժարվում ես դրանից: Ուրիշ ի՞նչ սահմանափակումերի առաջ է քեզ կանգնեցնում սպորտը:

– Ես առաջ մարզվել եմ Խաչիկ Խաչատրյանի մոտ, ի դեպ, շնորհակալ եմ նրան մեր համատեղ տարիների աշխատանքի համար: Առաջ հաճախ էր անհրաժեշտություն առաջանում քաշը նվազեցնելու, հիմա՝ նոր մարզչիս՝ Հակոբ Մելքոնյանի հետ մարզվելու 2 տարիների ընթացքում քաշի խնդիր չեմ ունենում: Հակոբը նոր ռեժիմ է գրել եւ ոչ մի խախտում չպետք է լինի, դա է գլխավոր սահմանափակումը. ճիշտ ժամի քնել, արթնանալ, մարզվել ու սնվել: Գլխավոր սահմանափակումը հետեւյալն է՝ չանել այն, ինչը կհեռացնի նպատակից եւ անել այն, ինչն ավելի կմոտեցնի նպատակին:

– Նախկին մարզիչդ կարեւորում էր նաեւ այն փաստը, որ դու մշտապես լսում ես, թե ինչ են քեզ խորհուրդ տալիս բռնցքամարտելիս: Կարո՞ղ ենք ասել, որ քո հաղթանակները թիմային աշխատանքի արդյունք են եւ ռինգում չլսելով մարզչի խորհուրդները՝ պարզապես հաղթանակ գրանցել չես կարող:

– Հաղթանակները մարզչին լսելու, քրտնաջան մարզվելու ու մեծ հավատ ունենալու արդյունք են…

– Մի անգամ ասել ես, որ մինչեւ չես տեսնում գոտին ու մեդալը, չես հավատում, որ հաղթել ես: Ուժերը չգերագնահատելու արդյունքո՞ւմ է, որ այսօր նման հաղթանակներ ես գրանցել:

– Սիրում եմ ուշադրությունս կենտրոնացնել մարզումներիս, քանի որ լավ մարզվելուց հետո հաղթանակը անխուսափելի է: Ճիշտ է՝ երբեմն լինում են մրցավարական անարդարություններ, ձախողումներ, բայց հիմա ու միշտ էլ հավատացել եմ, որ քրտնաջան մարզումները մի օր ոսկե մեդալի տեսքով փայլում են…

– Օրինակ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կլարեսա Շիլդսը, նույն ինքը՝ Թի Ռոքսը, ասում է, որ միշտ պատմում է իր պատմությունը, քանի որ ուզում է, որ մյուսները, ովքեր հիասթափված են սպորտից, իմանան, որ կարող են դա անել: Իսկ դու խոսում ես քո պարտություններից, թե գերադասում ես քեզ տեսնեն միայն հաղթողի դերում:

– Ես ավելի շատ սիրում եմ պատմել դժվարություններից, պարտություններից ու գլխավորապես այն մասին, որ եթե կա նպատակ, կարեւոր չէ, թե դրան տանող ճանապարհին ինչպիսի խոչընդոտներ կլինեն, կարեւորը՝ քանի դեռ չես հասել նպատակիդ, ոչ մի բանի առաջ չկանգնես ու չթողնես, որ ինչ-որ բան քեզ կանգնեցնի: Այս ամենը ինձ սովորեցրել է մարզիչս՝ Հակոբը…

– Իսկ կա՞ որեւէ հակառակորդ, ում հետ հատկապես կցանկանայիր բռնցքամարտել, թե՞ քեզ չի հետաքրքրում՝ ով է հակառակորդդ ու բռնցքամարտիկի համար կարեւորը հաղթանակն է:

– Չի եղել մինչեւ վերջերս, բայց վերջին մրցաշարից հետո ֆին մարզուհու հետ կուզեի հանդիպել…

– Իսկ ինչո՞ւ…

– Մրցավարները ճիշտ որոշում չկայացրին, կուզեի մի անգամ էլ հանդիպել ու մրցավարների դատին չթողնել՝ ավելի շուտ ավարտեի մենամարտը:

– Դու միշտ ասում ես, որ քեզ համար կարեւորներից կարեւորը հաղթանակներովդ հայրենիքի անունը բարձր պահելն է: Այս պարագայում չե՞ս կարծում, որ թշնամի երկրի ներկայացուցչի հետ բռնցքամարտելն ու հաղթանակ տանելը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի անունը:

– Այո, իհարկե, այդպես է, բայց չեմ սիրում սպորտը քաղաքականացնել: Ես սիրում եմ պատվո հարթակի առաջին տեղում լինել: Իսկ թե ինչու եմ այդպես ասում, քանի որ հնարավոր է թշնամուն հաղթել, բայց հաջորդ մենամարտում՝ պարտվել, հնարավոր է անգամ վիճակահանությամբ չհանդիպես էլ թշնամու, բայց մրցաշարում հաղթող լինել ու բոլորը ոտքի կանգնեն, երբ քո երկրի դրոշն է բարձրանում եւ օրհներգն է հնչում: Կարեւոր չէ, թե ում կհաղթես, կարեւորը՝ հաղթես:

Զրույցը` Մարինա ՄԿՐՏՉՅԱՆԻ

Լուսանկարները` Անուշ Գրիգորյանի ինստագրամյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031