Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացնում եմ՝ մենք՝ եզդիներս, միայն բարեկամ ենք»

Մարտ 11,2022 13:30

Արդյոք հիմնավորվա՞ծ է եզդի իրավապաշտպանին առաջադրված մեղադրանքը

Ուսումնասիրելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված եւ դատաքննության փուլում գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պարզ է դառնում, որ հարուցման հիմքը խնդրահարույց է եւ խիստ խոցելի։ Հիմնավորված չեն այն հիմքերը եւ առիթները, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Ս. Սուլթանյանի հարցազրույցն ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի իրավապաշտպանի մտահոգություններն են եզդիների կյանքում եղած թերությունների, դժվարությունների, բացթողումների վերաբերյալ։ Իսկ իրավապաշտպանի մտահոգությունները թշնամանք չի կարող դիտվել եւ քրեական պատասխանատվության հիմք չի կարող հանդիսանալ։ Դրանք չեն կարող դիտարկվել որպես ազգամիջյան թշնամանք հրահարելուն ուղղված գործողություններ, ցանկացած խնդրի բարձրացումով Ս. Սուլթանյանը միայն նպատակ է ունեցել հայցել մեր բոլորի եւ նոր իշխանությունների ուշադրությունը եւ վերացնել այդ խնդիրները, ինչպես նաեւ նվազագույնը նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, եզդիների համար։

Փաստորեն, Ս. Սուլթանյանն իր հարցազրույցում հնչեցրել է քննադատական խոսք, մասնավորապես՝ եզդի բնակչության շրջանում եղած խնդիրների վերհանման, բարձրացման եւ վերացման համար։ Քաջ գիտակցելով, որ մենք մեր երկրում հարկ եղած դեպքում լռել գիտենք, միմյանց հանդուրժել, հասկանալ եւ ներել գիտենք։ Գիտենք պայքարել ու մեր կյանքում եղած թերությունները համատեղ վերացնել։ Բախտից, ճակատագրից նեղանալ չգիտենք, սեփական գործերով համատեղ ուրախանալ գիտենք։

Ս. Սուլթանյանը երիտասարդ, հայտնի ակտիվիստ է։ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ստեղծման օրվանից նա իրականացրել է ակտիվ իրավապաշտպան գործունեություն։ Եզդիների համայնքին վերաբերող խնդիրներով կատարել է դիտարկումներ եւ ուսումնասիրություններ, որպես իրավապաշտպան եզդիական համայնքի խնդիրները խորքային եւ փորձագիտական մակարդակով պատկերացնող անձ: Ս. Սուլթանյանի գործունեությունը ուղղված է եղել բացառապես Հայաստանում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների արժեքների ամրապնդմանը։ 2018թ. հեղափոխությունից հետո Ս. Սուլթանյանն իրականացրել է մի շարք ծրագրեր եւ աշխատանքներ, որոնք էական լինելով եզդիների պատշպանության առումով, միաժամանակ կարեւոր դեր ունեն մեր հասարակության մեջ ժողովուրդների միջեւ համերաշխության բարձր մակարդակի ձեւավորման, ինչպես նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից։ Ս. Սուլթանյանի հարցազրույցը դիտարկելով ամբողջական կոնտեքստով, պարզ երեւում է, որ նրա արտահայտած մտքերը լինելով իրավապաշտպանի եւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող մարդու կարծիք՝ ամենեւին նպատակաուղղված չեն ՀՀ վարկանիշի կամ հայ ժողովրդի դեմ, կամ առավել եւս՝ հայ եւ եզդի ազգերի միջեւ թշնամանք հրահրելուն։ Այդ հանգամանքը փաստում է նաեւ նրա գործունեության ամբողջական ուսումնասիրումը։

Հետեւաբար, անհանգստություն պատճառող խոսքերը չեն կարող արգելվել ու դրա համար պատասխանատվություն սահմանվել, եթե դա ատելություն, անհանդուրժողականություն եւ բռնություն հրահարող խոսք չէ, այլ՝ մտորում, եղած բացթողումները վերացնելու համար։

Նշենք նաեւ, որ Ս. Սուլթանյանի բարձրաձայնած մտքերը վերաբերում են միջազգային պայմանագրերով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարմանը, որպեսզի հերթական անգամ որեւէ խնդրի մասին չարձանագրեն տարբեր կոնվենցիաների փորձագիտական խմբերը զեկույցներում: Ինչպես «Լեզուների խարտիան» իր 2020թ. հուլիսի 2-ին հրապարակված 5-րդ զեկույցի մեջ նշում է. «Եզդերենը չի օգտագործվում նախադպրոցական կրթության մեջ, հանրակրթական դպրոցներում, որտեղ եզդիները մեծ թվաքանակ են կազմում։ Եզդերենն ուսուցվում է ուսումնական պլանից դուրս։ Եզդերենի կրթական նյութերը ժամանակավրեպ են թեմաների եւ մեթոդաբանական առումով։ Եզդի ուսուցիչները չունեն մասնագիտական կրթություն եւ Հայաստանում չկա համանման կրթական (եզդերեն ուսուցիչների պատրաստման ծրագիր)»: Կամ՝ Եվրոպական հանձնաժողովի 2-րդ զեկույցում արձանագրվել է, որ.«Եզդիների մեծամասնությունը դեռեւս բախվում է հողի, ջրի եւ արոտավայրերի հետ կապված խնդիրներին։ Եվ այս համայնքի որոշ անդամներ դեռ չեն ստացել հողի սեփականության իրենց փաստաթղթերը»։

Փաստարկված չեն նաեւ մեղադրանքի հիմնավորման մեջ տեղ գտած մի շարք այլ պնդումներ։ Ս. Սուլթանյանին մեղադրանքի համար գլխավոր փաստարկ հանդիսացող զրույցը չի դիտարկվել ամբողջական համատեքստում։ Պարզ երեւում է, որ նրա արտահայտած մտքերը լինելով իրապաշտպանի եւ մարդու իրավունքներով զբաղվող մարդու կարծիք, ամենեւին էլ նպատակաուղղված չեն ՀՀ վարկանիշի կամ հայ ժողովրդի դեմ եւ իր մեջ չի պարունակում ազգային, ռասայական կամ կրոնական թշամանաք հարուցելուն, ռասայական գերազանցությունը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն։ Ս. Սուլթանյանի նպատակը չի եղել հայ եւ եզդի ազգերի միջեւ թշնամանք հրահրելը։ Այս արարքի համար էական նշանակություն ունի խոսքը, անձը, դիտավորությունը, բովանդակությունը եւ ձեւը, նույնիսկ վնասի պատճառման ռեալ հնարավորությունը, որոնք այս գործով նույնպես հիմնավորված չեն եւ մի տեսակ հենվում են տարբեր ենթադրությունների վրա, այլ ոչ թե գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջության։

Փաստորեն, քրեական գործում առկա են չփարատված, տարբեր կասկածներ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»։

Հավատացած եմ, որ մեր ժողովրդավարական պետությունում իշխանությունը եւ հատկապես իրավապահ մարմինները պետք է քննադատություն հանդուրժող լինեն եւ նպատակը մարդուն պաշտպանելը լինի, մարդկայինը գնահատելը եւ արժեւորելը։
Եվ վերջում. որպեսզի այլեւս ոչ մի փորձագետ չհայտարարի, որ «Հայաստանը պետք է դադարեցնի իրավապաշտպանի հետապնդումը կամ եզդի իրավապաշտպանին քրեական մեղադրանք է առաջադրվել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու համար», մեր կառավարությունը պետք է եզդիների եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ քննարկի հասարակության մեջ նրանց մասնակցության վերաբերյալ դժգոհությունները, իսկ իրավապահ մարմինները իրենց ներքին համոզմամբ դադարեցնեն Սաշիկ Սուլթանյանի նկատմամք ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը։ Հավատացնում եմ՝ մենք՝ եզդիներս, միայն բարեկամ ենք։

Մենք սպառնալիք չենք մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը։ Համոզված եմ՝ այսօր դա է պահանջում մեր ընդհանուր շահը, մեր երկրի վարկանիշը եւ Հայաստանում ստացած մեր դաստիարակությունը։

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031