Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը առաջարկություններ է ներկայացրել բժշկական գաղտնիքի վերաբերյալ կարգավորումների շուրջ

Մարտ 10,2022 22:30

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցմանն առնչվող օրենսդրական խնդիրները և դրանք լուծելու առաջարկություններ ներկայացրել։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են փոխանցվել միայն օրենքով նախատեսված սուբյեկտներին և դեպքերով Կառավարության սահմանած կարգով:

Չնայած սրանից բխում է, որ երբ պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը համաձայնություն չեն տվել, բժշկական գաղտնիք համարվող տվյալները պետք է փոխանցվեն Կառավարության սահմանած կարգով, բայց Կառավարությունը փաստացի նման կարգ դեռևս չի ընդունել։

Անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունել «Բժշկական գաղտնիք համարվող տվյալների՝ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որը 2022 թ. փետրվարին դրվել է հանրային քննարկման։

ՀՔԱՎ-ը անդրադարձ է կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքներում բժշկական գաղտնիքի փոխանցման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերում առկա  հակասություններին։

Այսպես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է նշված տեղեկությունների փոխանցման կարգ, որն իր բնույթով տարբերվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածից բխող կարգավորումից։ Մասնավորապես՝ եթե վերը նշված դեպքում բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները կարող են փոխանցվել միայն Կառավարության սահմանած կարգով, ապա «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքը որպես փոխանցման կարգ վկայակոչում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգը։ Նման տարբերակումն անհասկանալի է, քանի որ անձի` բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները նույնպես ներառվում են «բժշկական գաղտնիք» ընդհանուր եզրույթի մեջ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի կարգավորման դաշտում են։

Ֆիզիկական և հոգեկան առողջությանը վերաբերող տվյալների փոխանցման կարգավորումների այսպիսի տարբերակումը առաջացնում է հակասություն և խառնաշփոթ։ Տվյալներին տիրապետողի համար հստակ չէ, թե որ կարգավորումներով պետք է առաջնորդվի։

Ավելին՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս տրամադրվում են միայն պատճառաբանված որոշման հիման վրա, մինչդեռ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով նման պահանջ նախատեսված չէ։ Միաժամանակ, ընդհանուր կարգավորումը պարունակող իրավական ակտում որպես բժշկական գաղտնիքին տիրապետելու իրավասություն ունեցող սուբյեկտ նշված է Մարդու իրավունքների պաշտպանը, ինչը «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում բացակայում է։

Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խումբը նույնպես պետք սահմանվի «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում որպես բժշկական գաղտնիքին հասանելիություն ունեցող մարմին: Հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող անձանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հասարակական դիտորդական խմբին հնարավորություն կտա բացահայտելու հոգեբուժական հաստատություններում իրավունքների խախտումները և նվազեցնելու վատ վերաբերմունքի դրսևորումները:

Առաջարկություններն ամբողջությամբ հասանելի են ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031