Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրախորհրդարանը 635 «կողմ», 2 «դեմ» և 42 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձև:
Բանաձևի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց ելույթներով դատապարտեցին Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու քաղաքականությունը: Նրանց գնահատմամբ՝ «Ադրբեջանն իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանություն», «Իլհամ Ալիևը շարունակում է իսլամական պետությունների քաղաքականությունը»:
Բանաձևի հեղինակներից Պիտեր Վան Դալենը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարողությունը հասնում է միլիարդների, բայց նա և իր շրջապատը թաթախված է կոռուպցիայի մեջ, իր քաղաքական հակառակորդներին ենթարկում է ճնշումների: Պատգամավորն ահազանգեց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը սպառնալիքի տակ է. «Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ անհնար է դարձնում ԼՂ ժողովրդի կյանքը: Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական պատմամշակութային հուշակոթողները, եկեղեցիները, ընդհանրապես մշակութային ժառանգությունը: Մենք դատապարտում ենք այս ոտնձգությունները հայկական մշակութային կոթողների նկատմամբ և Բաքվի իշխանությունների հայատյացությունը: Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելությամբ գնալ Լեռնային Ղարաբաղ և հասկանալ իրավիճակի լրջությունը: Մենք արդարություն ենք պահանջում և դեմ ենք հանցավոր ռեժիմներին»:
Այս ելույթը Եվրախորհրդարանում ընդունվեց ծափողջյուններով:
Կարդացեք նաև
Եվրախորհրդարանի՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Էվին Ինսիրը հայտարարեց՝ հետևողականորեն ոչնչացվում է ԼՂ պատմամշակութային ժառանգությունը: Նա նշեց՝ լինելով քուրդ, իր մաշկի վրա է զգացել այն, ինչ այսօր հայերն են զգում: Այնուհետև շարունակեց. «Հայկական պատմամշակութային ժառանգությունը աշխարհում հնագույններից մեկն է և անպայման պետք է պահպանվի: Այն, ինչ կատարում է Ադրբեջանը, պետության և այնտեղ ապրող մարդկանց դեմ հանցագործություն է: Դա հարձակում է ապագա սերունդների վրա: Այդպիսով Ադրբեջանը չի հարգում իր միջազգային պարտավորությունները»:
Քուրդ պատգամավորը հիշեցրեց ՄԻԵԴ վճիռը, որով Եվրոպական դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին պահպանել հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Այնուհետև հավաստիացրեց. «Հստակ ուղերձ ենք հղում Ադրբեջանին, որ աշխարհը հետևում է նրա գործողություններին և չի լռելու: Եվրախորհրդարանը պետք է դատապարտի Ադրբեջանի նման վարքագիծը, պարտավորեցնի, որպեսզի նա կատարի իր միջազգային հանձնառությունները: Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ՝ Ադրբեջանը հակառակ է գնում է այդ սկզբունքներին, որոնք այս կազմակերպության գործունեության հիմքում են: Բավական է, բավական»:
Այս ելույթը նույնպես ընդունվեց ծափահարություններով:
Պատգամավորներից Նատալի Լոսյուն հիշեցրեց, թե ինչպես Ադրբեջանը Նախիջևանի տարածքում Ջուղայի հայկական գերեզմանոցի բակում ոչնչացրեց հայկական խաչքարերը: Ըստ նրա՝ չդատապարտվելով այս հանցագործության համար՝ այժմ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսևորում:
Պատգամավոր Չարլի Վեյմերսը հայտարարեց՝ Ալիևն իր այս գործողություններով ուզում է վերացնել պատմական հիշողությունն ու պատմական ինքնությունը:
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջեցին, որպեսզի փաստահավաք առաքելություն մեկնի Լեռային Ղարաբաղ, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը, և Ադրբեջանի նման հանցավոր վարքագիծը հստակ գնահատական ստանա: Շատերն օգտագործում էին Արցախի Հանրապետություն անվանումը:
Պատգամավոր Մարինա Կալյուրանդն էլ փաստեց՝ ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվել և շեշտեց՝ այն կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ոչ թե պատերազմով:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Վերա Յուրովան ընդգծեց՝ Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում ու մանրամասնեց. «Պետք է պահպանվի հայկական մշակութային ժառանգությունը, ապահովվի ժողովրդավարությունն և կայուն զարգացումը: 2020-ի պատերազմն այս առումով ավելի վատթարացրեց իրավիճակը: Պետք է կատարվածին գնահատական տրվին: Եվրախորհրդարանն աջակցում է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն այցելի Լեռնային Ղարաբաղ և տեղում գնահատի իրավիճակը, այդ գործընթացին պետք է աջակցեն կողմերը: Սա կնպաստի նաև երկու կողմերի փոխվստահության մթնոլորտի հաստատմանը»:
Նշենք, որ բանաձեւում Եվրախորհրդարանը հաշվի է առնում, որ՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, մինչդեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաեւ ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում եւ դրանից հետո այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիեւը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»:
Բանաձեւում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»:
Շեշտվում է, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»:
Այնուհետեւ, բանաձեւի նախագծում հիշեցվում է, որ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»: Նկատի է առնվում, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ