Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյան․ «Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, թեկուզ այն մակարդակով, որով ճանաչել է Ֆրանսիան»

Մարտ 10,2022 21:03

Այսօր արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որում դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ՄԱԿ-ին, ասվում է․ «Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է  տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը  հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»։

Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարության ընդունումից եւ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ելույթից հետո ասաց․«Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանած, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլեւ՝ պարսկերեն, թուրքերեն։ Նամակ եմ ուղարկել, որպեսզի ճանաչեն  Արցախի հանրապետությունը,  որովհետեւ այլ ելք չկա»։

Նա ասաց, որ բազմաթիվ անգամ Արցախը դիմել է ՀՀ-ին,  որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը․«Թեկուզ այն մակարդակով, որով ճանաչել է Ֆրանսիան՝ վերին եւ ստորին պալատների։ Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ գոնե  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ մտցնեն օրակարգ Արցախի ճանաչման հարցը։ Քաղաքական եւ բարոյական առումով ճիշտ էր հենց պատերազմի օրերին ճանաչեին Արցախի անկախությունը։ Ճանաչման հարցը մի քանի անգամ բաց ենք թողել։ Օրինակ՝ Բիշկեքից առաջ 1994 թվականին,  2003-ին, երբ  ավագ Ալիեւին փոխարինեց կրտսեր Ալիեւը, որն ասաց՝  բանակցային գործընթացը տեղափոխում ենք զրոյական մակարդակ, 2014-ին ահաբեկչական գործողությունների ժամանակ։ Այդ ժամանակ բանակցությունները կրկին փակուղում էին, 2016-ին քառօրյա պատերազմի ժամանակ եւ 2020 թվին։ Ինչքան երջանիկ կզգայինք, որ ոչ միան ՀՀ-ն ճանաչեր։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատները ճանաչման մասին բանաձեւն, երբ ընդունեց առաջին անգամ ժպտացինք։ Պատկերացրեք՝ այդ ճանաչումը լիներ 2020–ի սեպտեմբերի 26-ին։  Դա մեր բոլորիս երազանքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031