Այսօր ավագանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացրեց Գյումրու ամենավառ, կոլորիտային դեմքերից մեկին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը դեռ չէր հնչեցրել նկարչուհու անուն-ազգանունը, նիստերի դահլիճը թնդաց ծափահարություններից։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ տիկին Մկրտչյանի հոբելյանական 75-ամյակի առթիվ ապրիլ ամսին կբացվի նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի ժամանակ էլ առիթ կունենան հանձնել Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսը։
Այս պահին նրա աշխատանքների ցուցահանդեսն է բացված Շիրակի մարզպետարանում․ 30 նկարներ, որոնց մեծ մասը դեռ ցուցադրված չէին, նատյուրմորտներ են և որոնք ստեղծվել են համավարակի ժամանակաշրջանում՝ խորհրդանշելով նոր կյանքը,ծաղկող բնության, սերն ու զարթոնքը, փակցված են մարզպետարանի պատերին (տես լուսանկարներում)։
Կարդացեք նաև
Գյումրու ավագանու անդամներն այնպես էին ծափահարում, որ մի պահ մոռացան հարցը դնելու քվեարկության։
Նշենք, որ Սուսաննա Մկրտչյանը Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է, նա կրթում է սերունդների, բացահայտում նոր տաղանդների։
Գյումրու գրեթե բոլոր միջոցառումներում իրենց ուրույն տեղն ունեն նկարչուհու ստեղծագործությունները, դրանք գույն, շունչ, կենդանություն են հաղորդում քաղաքին, ցուցադրում են հարազատ քաղաքի բնավորությունը, կենցաղը, մարդկանց, կոլորիտային դեմքերին՝ բնիկ գյումրեցիներին։
Նկարչուհին ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում, ստեղծում է նատյուրմորտներ, արձաններ, տարազներ, նկարում մետաքսի վրա։
Սուսաննա Մկրտչյանի մտերիմների փաստմամբ, նա փայլում է նաև ազգային խոհանոցում․ յուրահատուկ ձևով է պատրաստում հայկական կերակրատեսակները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ