Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Այս իրողությունը Արցախի նախագահին եւ ԱԺ-ին պարտադրում է դիմել ՀՀ-ին՝ ճանաչել Արցախի հանրապետությունը»

Մարտ 10,2022 20:22

«Այն իրավիճակը, որում հայտնվել ենք մենք՝ Արցախի հայերս, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, իսկ ադրբեջանցիների վարքագիծը հանցագործություն՝ մարդկության նկատմամբ»,-այս մասին այսօր Արցախի խորհրդարանում արտահերթ նիստում իր ելույթում ասաց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Արտահերթ նիստում Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որում դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ՄԱԿ-ին, ասվում է․« Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է  տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը  հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»։

«Այս պահին միայն հայտարարություններով հանդես գալը բավարար չէ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

«Մեր 44 օրերի դառը փորձը ապացույցն  է, որ աշխարհը լուռ է եւ չի ուզում տեսնել իրականությունը։ Հումանիտար աղետը կանխելու նախադեպերը բազմաթիվ են։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը չի պահել հայտարարության որեւէ կետ, շարունակել է ահաբեկչական գործողություններ կատարել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, եւ ինչպես նշված է հայտարարության մեջ՝ այդ տագնապը միայն վերջին օրերին չէ, այն մշտական է։ Արցախի բնակավայրերը մեկ տարուց ավել է՝ ժամանակ առ ժամանակ թիրախավորվում են։ Իսկ այս վերջին օրերին միակ գազատարի վերանորոգման աշխատանքները խոչընդոտելը եւ թույլ չտալը՝  պարզելու թե ինչի հետեւանք է, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ հումանիտար աղետը կանխելու նախադեպերը բազմաթիվ են եւ օրինակներ բերեց․ «ԱՄՆ-ի՝ Կոսովոյի ճանաչումը, ՌԴ-ի՝ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը։ Ուստի, այս իրողությունը եւ Արցախի հանրապետության ԱԺ-ին եւ Արցախի նախագահին պարտադրում է դիմել ՀՀ-ին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի հանուն այստեղ ապրող մարդկանց կյանքի անվտանգության եւ ապրելու իրավունքի, հանուն փրկության ճանաչեն Արցախի հանրապետությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031