Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ՄԱԿ-ին եւ համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Արցախի խորհրդարանի ԱԺ հայտարարությամբ նշվում է՝ վերջին օրերին Արցախի սահմանամերձ բնակավայրերում լարվածությունը նոր թափ է ստացել, Ադրբեջանը ինտենսիվ կրակ է արձակել, ականանետ կիրառել մի շարք բնակավայրերի վրա․«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն եւ մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության հեղինակության նսեմացմանը։
Արցախի հանրապետության ԱԺ-ն խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ ագրեսիվ եւ ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորագման աշխատանքների խոչընդոտելը։ Պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ եւս փաստում է,որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանը։
Կարդացեք նաև
Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր գործողությունները։ Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ