Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց  քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը. Արցախի ԱԺ-ի արտահերթ նիստը

Մարտ 10,2022 20:35

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել

Մարտի 10-ին Արցախի խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ։ Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին» խորագրով։

 

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել է արտահերթ նիստի քննարկմանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը,ով հրավիրված էր արտահերթ նիստին, տեղեկացրել է, որ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին», որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը ՝ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում։

Հաջորդիվ խորհրդարանը 32 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին

Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի  Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ  բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները  միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։

Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց  քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Ստեղծված իրավիճակը  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը։

ք Ստեփանակերտ

10 մարտի 2022 թ

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031