«Ակօս» շաբաթաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Էդվարդ Տանձիկյանի «Կարգավորման համար շատ կարևոր շրջան» վերնագրով հոդվածը:
Հոդվածում Տանձիկյանը հիշեցրել է, որ տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը, որն ըստ կողմերի գնահատման, դրական է անցել: Նա հիշեցրել է նաև ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանի խոսքերը, որ քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել: Տանձիկյանը նշելով, որ հայտնի չէ, թե խոսքը ինչ հարցերի մասին է գնում, շեշտել է, որ նախորդ շաբաթ հայտնի է դարձել՝ Հայաստանը Գյումրի-Կարս երկաթգիծը վերանորոգելու համար գործնական քայլեր է անում:
Տանձիկյանը շատ կարևոր զարգացում է որակել այն, որ ՀՀ ԱԳ նախարար Ա. Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա նշել է, որ դեռևս Միրզոյանի մասնակցության մանրամասն ծրագիրը դեռ չկա, սակայն կարելի է ակնկալել, որ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև հանդիպում տեղի կունենա:
Հիշեցնելով, որ ֆորումում ուշադրությունը գամվել է ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման վրա, սակայն Թուրքիայի և Հայաստանի նախարարների հանդիպումը, և դրա արդյունքը մեծապես կկանխորոշի կարգավորման գործընթացի ընթացքը:
Կարդացեք նաև
Ըստ Տանձիկյանի՝ հանդիպման կարևոր օրակարգային հարցերից մեկը հավանաբար կլինի «Զանգեզուրի միջանցքը»: Ըստ վերջինի այս համատեքստում արած դիտարկման՝ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են, որ միջանցք ստեղծվի, որն անցնելու է Հայաստանի տարածքով և իրար է կապելու Նախիջևանն ու Ադրբեջանը, Հայաստանն էլ ամեն հնարավորության դեպքում դեմ է արտահայտվում այնպիսի մի միջանցքի, որն իր տարածքով է անցնելու, բայց իր վերահսկողությունից դուրս է լինելու:
«Այսինքն՝ Հայաստանի համար ընդունելի է, որ իր տարածքով նման հաղորդակցության գիծ անցի, սակայն պայմանով, որ այն իր վերահսկողության տակ լինի: Սա էլ Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում»,- գրել է Տանձիկյանն ու շարունակել,- «Ի սկզբանե ասում ենք՝ կարևոր է, որ այս գործընթացում Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին չպարտադրեն «պարտված երկրի» դիրքեր: Հստակ է նաև, որ Հայաստանն այս գործընթացի և տրանսպորտային ուղիների կարիքն ունի: Սակայն Փաշինյանի իշխանությունը ընդդիմության լուրջ ճնշման ներքո է, և բավականին դժվար է թվում, որ Երևանն ընդունի այնպիսի պահանջներ, ինչպիսին Զանգեզուրի միջանցքն է:
Մյուս կողմից Հայաստանի պետական մարմինների կողմից արված հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի բանակը վերջին օրերին հրադադարը կրկին խախտում է: Նախորդ օրը ի հայտ եկած բախման ընթացքում Հայաստանի զինվոր է զոհվել: Բացի այդ Երևանի կառավարությունն ասում է, որ աճել են Հայաստանի տարածքների ուղղությամբ կրակոցները:
Ալիևի իշխանությունն էլ հնարավոր է՝ մտածում է Հայաստանին մի քիչ էլ սեղմել, քանի դեռ հրադադարի երաշխավոր Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի օկուպացիայի և Արևմուտքի պատժամիջոցներով:
Եթե մեզ այսպիսի գործընթաց է սպասվում, ապա անկասկած է, որ սա մի հավասարում է, որը Հայաստանին ավելի բարդ դրության մեջ կդնի: Քանի որ նախորդ երկու տարիներին հրադադարը հնարավոր է եղել ՌԴ-ի կշռի շնորհիվ և, չնայած այս ընթացքում եղած խախտումներին, հրադադարի ՌԴ-ի շնորհիվ է պահպանվել: Այսինքն՝ Հայաստանի համար էական նշանակություն ունի Ռուսաստանի ներկայությունն ու հսկող դիրքը տարածաշրջանում։ Երբ այս հավասարակշռումը խախտվում է, Հայաստանն ինչ-որ առումով Ադրբեջանի դիմաց անպաշտպան է: Երևանը շատ ցավոտ կերպով 2020-ին հասկացավ, որ պատերազմի ժամանակ Արևմուտքից օգնություն չի ստանալու»:
Աղբյուր` Ermenihaber.am/AGOS