Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Մարտ 10,2022 19:30

Բրյուսել, 10 մարտ 2022 – «Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը», Գասպար Կարապետյան,  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակ

Այսօր Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւ ընդունեց։

Մանրամասն անդրադառնալով խնդրի էությանը՝ ԵԽ լիագումար նիստի ընթացքում քննադատվեց  Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ  քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվում է որպես այդ երկում պետական մակարդակով տարվող, համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումներից են նաև պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում։

Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծավալապաշտական,  ռազմատենչ քաղաքականությունը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել առավելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգավորված չէ,  և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ թույլ տալ իրականացնելու իր առաքելությունը տեղում՝ խորհրդակցելով նաև հայ մասնագետների հետ և առաջարկում է օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները փաստերն արձանագրելու համար։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլեւ պատմությունը կեղծելով և փորձելով դրանք ներկայացնել որպես այսպես կոչված Կովկասյան Ալբանիայի ժառանգություն։ Այս համատեքստում նշվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից սույն տարվա փետրվարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմության սրբագրումն է։

Անդրադառնալով ԵԽ բանաձևին՝ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «Վերջին ամիսներին Եվրապատգամավորների հետ տարվող անդադրում և նպատակաուղղված իրազեկման աշխատանքը թե՛ Բրյուսելում ՀՀ դեսպանատան, թե՛ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի կողմից տվեցին իրենց արդյունքը։ Դրան նպաստեց նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի այցը Բրյուսել, Եվրախորհրդարանում փետրվար ամսին Արցախի հետ բարեկամության խմբի վերակազմումը, ինչպես նաև հունվարին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այցը Բրյուսել»։

«Փաստ է, որ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։ Սա կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այդ երկրի բարբարոսական քաղաքականության վերաբերյալ բարձրաձայնելու համար», ամփոփեց Գասպար Կարապետյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031