Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարենային անվտանգությունը դիտարկել որպես տնտեսության զարգացման հիմք»

Մարտ 10,2022 18:20

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի մի շարք պաշտոնյաներ և ոլորտին առնչվող այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանն ընդգծել է պարենային անվտանգության կարևորությունը և նշել․ «Այսօր առավել քան կարևորվում է պարենային անվտանգությունը՝ պայմանավորված հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակներով։ Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ ընդգրկուն գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արագ արձագանքել փոփոխվող միջավայրին, կլիմայի փոփոխություններին, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումներին՝ ստեղծված իրավիճակներում համարժեք գործողություններ ձեռնարկելու համար։ Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել, որպես տնտեսության զարգացման հիմք»։

Արման Խոջոյանը կարևորել է ռազմավարության մշակման գործընթացում տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավումը և նշել, որ հարկավոր է համակարգել աշխատանքները, տարանջատել գերատեսչությունների դերը, անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցել միմյանց և սինխրոնիզացնել տարբեր գերատեսչությունների գործողությունները։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն մեկ անգամ ևս վերահաստատել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարության մշակման գործում։

Դաուն Խանը տեղեկացրել է, որ 2,5 շաբաթ Հայաստանում եղած ժամանակահատվածում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի հետ հանդիպումներ են ունեցել որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ և նշել, որ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ներդնել փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացնելու գործընթացում։

Պարենային անվտանգության շրջանակում դիտարկվել է պարենամթերքի արտադրության զարգացումից բացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների դերը, շոկային իրավիճակներին արագ արձագանքման համակարգերի անհրաժեշտությունը, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և  գիտական տվյալների բազայի կարևորությունը, նաև մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումները։

Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ և տեսակետներ են փոխանակվել ռազմավարության փաստաթղթի և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031