«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հայելի» ակումբում հայտարարեց, որ Ռուսաստան-Ուկրաինա, կամ Ռուսաստան-Արեւմուտք, կամ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումը, ինչպես էլ որ այն անվանվի, իր համոզմամբ, ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ Ռուսաստանի համար անակնկալ չէր: Եվ որպես ապացույց մեջբերեց ոչ անհայտ գիտնական, հետախույզ, ստվերային ԿՀՎ կազմակերպության հիմնադիր Ջորջ Ֆրիդմանի՝ 2015 թվականի փետրվարին ունեցած ելույթից մի հատված, որտեղ վերջինը՝ իրեն ուղղված հարցին, թե արդյոք ծայրահեղ իսլամականները ԱՄՆ-ի համար հույժ կարեւոր եւ կենսական վտա՞նգ են, պատասխանել է, որ, այո, վտանգ են, բայց ոչ խիստ կարեւոր ու խիստ կենսական, որ ավելի վտանգավոր է Ռուսաստանի Դաշնությունը:
Պարոն Գեղամյանը նաեւ հրապարակեց Ֆրիդմանի արած այն բացահայտումը, որ նույն ամսին Եվրոպայում ԱՄՆ ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Ֆրեդերիկ Բենջամին Հոդջեսը այցելել է Ուկրաինա եւ շրջանցելով կանոնակարգը՝ առավել աչքի ընկած զինուժի ներկայացուցիչներին պարգեւատրել Պենտագոնի մեդալներով: Ֆրիդմանի բնութագրմամբ, այդ այցը ամենեւին էլ պատահական չի եղել, որովհետեւ Հոդջեսը որպես արդարացում ասել է, թե ինքը պարգեւատրել է իր զինվորներին: Այսինքն, ստացվում է, որ դեռ 2015 թվականից սկսած ԱՄՆ ռազմական գործիչները ուկրաինական բանակը դիտարկել են որպես սեփական:
«Դա արվում էր ճիշտ այն նույն օրերին, երբ 2015 թվականին ստորագրվում էր Մինսկի համաձայնագիրը՝ Ուկրաինան մի կողմից, Լուգանսկի եւ Դոնբասի հանրապետությունները մյուս կողմից: Եվ մի անչափ կարեւոր հայտարարություն, որ արել է Ջորջ Ֆրիմանը: Ըստ նրա, ռուսների համար օրակարգային հարցն այն է, որ Ուկրաինան կամ բուֆերային գոտի կդառնա Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, կամ նվազագույնը կլինի չեզոք երկիր: Այսինքն, ՌԴ-ն, որ տասն օր առաջ Ուկրաինայի առջեւ դրել է այն չորս նախապայմանները՝ դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ Ուկրաինայի կողմից Ղրիմի ճանաչում, նոր բան չէ, ինչպես փորձում են այսօր ինֆորմացիոն դաշտում Արեւմուտքի շահերը պաշտպանող լրատվամիջոցները ներկայացնել: Այնուհետեւ, Ֆրիդմանն ավելացնում է, որ Ռուսաստանի համար Ուկրաինայի կարգավիճակը կենսականորեն կարեւոր վտանգ է, եւ ռուսները չեն կարող հենց այնպես թողնել այս հարցը եւ հեռանալ: ԱՄՆ-ի համար հարցադրումն այսպիսին է. որ եթե Ռուսաստանը շարունակի կպած մնալ Ուկրաինային, ապա մենք պետք է կանգնեցնենք Ռուսաստանին»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ