«Ճիշտ եք, միայն խորհրդարանում աշխատելով այս ամենի դեմն առնել հնարավոր չի։ Խորհրդարանն անհրաժեշտ, բայց ոչ բավարար հարթակ է։ Խորհրդարանը պետք է գաղափարի մասին բանավեճ անի, բայց ժողովրդի կողմից էլ պետք է ընկալվի։ Ժողովուրդը դեռ չի զգում գոյութենական վտանգը, հենց չգաց՝ փողոցները կլցվեն, եւ այս իշխանության ժամերը հաշված կլինեն։ Իսկ իշխանությունն ամեն ինչ անում է, որ ժողովուրդը տեղյակ չլինի իրականությունից։ Խորհրդարանն ու փողոցը միասին պետք է աշխատեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ին սպառնացող վտանգներին դիմակայելու համար ինչպե՞ս են պատկերացնում դիմակայության շարժումը նպատակին հասցնելը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է ենթադրում ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունում նշված հետեւյալ նախադասությունը՝ «Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը», սա ենթադրո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում ՀՅԴ-ի մասնակցության դադարեցում, թե դաշինքում ռազմավարական փոփոխություն է լինելու։
Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Մենք որտեղ էլ լինենք՝ իրականացնում ենք այն գործողությունները, որոնք որոշում է ՀՅԴ ընդհանուր ժողովը։ Դրա վերահսկողը նորընտիր բյուրոն է։ Այն, ինչ գրված է, վաղուց արտահայտված գաղափար է։ «Հայաստան» դաշինքն ինքնանպատակ չի ձեւավորվել։ Ձեւավորվել է, որ հեռացնի ապազգային իշխանությանը։ Հանրության շրջանում դժգոհություն կա, որ մենք մինչեւ վերջ այդ գործը չենք անում, բայց դա խոսակցության առանձին թեմա է»։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դիմակայության շարժմանը պետք է միանան բոլոր նրանք, ովքեր տեսնում են ՀՀ-ի թուրքացման եւ Արցախի հայաթափման վտանգները․ «Սա իշխանության համար պայքար չէ, այլ ՀՀ-ն ու Արցախը հայկական պահելու։ Ովքեր դեմ չեն դիմադրության գաղափարին, նրանք մեր հետ են։ Կապ չունի, թե որտեղից են։ Ովքեր դեմ են, որ ՀՀ-ն չպետք է թուրքանա, ապա շարժումն ուղղված է նրանց դեմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ