Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան դասավանդող չկա, որ պատմության ուսուցիչը դասավանդում է նաեւ բիզնես ներածություն, ռազմավարական մարքեթինգ, ֆինանսական կառավարում». Պրոռեկտոր

Մարտ 10,2022 17:18

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023 թթ․ համար ընդունելություն չի լինի։ Մարզի միակ բուհը փակվելու է ու այդ մասին որոշումն ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի գիտխորհրդի 2021 -ի հոկտեմբերի 11-ի նիստում։

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այդ հարցի քննարկման ժամանակ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ասաց, որ որեւէ ուսանողի շահ չի ոտնահարվում այդ որոշմամբ, նաեւ համայնքի շահը չի ոտնահարվել. «Էդգար Ղազարյանն ասում է՝ այդ որոշումն ապօրինի է, որովհետեւ կառավարությունն է որոշել մասնաճյուղը բացել, կառավարությունն էլ պետք է փակի: Բայց մեր գիտական խորհուրդը որոշում չի կայացրել մասնաճյուղը փակել: Մենք չենք դիմել լիազոր մարմնին՝ մասնաճյուղի լիցենզիան դադարեցնել, որոշում ենք կայացրել ընդամենը այս տարի ընդունելություն չկազմակերպել: Դա բուհի իրավասության շրջանակներում է»:

Նա նաեւ նշեց, որ Արարատի մարզից Վայոց ձորի մասնաճյուղում սովորում է ոչ մի մարդ, իսկ Երևանում նույն այն մասնագիտություններով, որոնք կարող էին ստանալ մասնաճյուղում, սովորում է 348 մարդ: Սյունիքի մարզից մասնաճյուղում սովորում է 1 մարդ, Երեւանում՝ 116 մարդ:

Թագուհի Թովմասյանը եւ Էդգար Ղազարյանը

Արմեն Գրիգորյանը դիմեց Վայոց ձորի նախկին մարզպետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանին, որը նախկինում եղել է մասնաճյուղի առաջին տնօրենը. «Ձեր ղեկավարման տարիներին ՀՀ բուհեր ընդունվել է 26 հազար մարդ: Պետական բուհեր ընդունվել է 22 հազար մարդ: Եղեգնաձորի մասնաճյուղ ընդունվել է 41 մարդ: Օրինակ, ԵՊՀ Տավուշի մասնաճյուղ ընդունվել է 490 մարդ, Սյունիքի մասնաճյուղ՝ 375 մարդ: Շիրակում՝ 1380, Լոռիում՝ 627: Անցած տարի նույն կերպ մեր մասնաճյուղ ընդունվել է 19 մարդ: Գյումրիում կա մեկ մարզային համալսարան՝ 46 մասնագիտություններով: Կան երկու բուհերի մասնաճյուղեր. կա Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ նույն 3 մասնագիտություններով, ինչ կա Եղեգնաձորի մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարան այդ մասնագիտություններով ընդունվել է 56 ուսանող, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ ընդունվել է 107 ուսանող: Իհարկե, Շիրակի եւ Վայոց ձորի մարզի բնակչությունը տարբեր է, դրա համար գալիս են անարդյունավետության խնդիրները, որոնք անընդհատ բուհին հետապնդում են: Այո, մենք ոչ առեւտրային կազմակերպություն ենք, բայց կրթության ծախսերը պետք է կարողանանք փակել»:

Նա ասաց, որ անվճար տեղեր տրամադրելը ազդեցություն չի թողնում ուսանողների քանակի վրա, որովհետեւ բնակիչ չկա:

Էդգար Ղազարյանն ասել էր, որ Տնտեսագիտական համալսարանի այս տարվա՝ 2022-ին ծախսային ծրագրերով նախատեսվել է 124 մլն դրամ՝ միայն Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարում ֆակուլտետներից մեկում եւ քոլեջում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Այդ գումարը կարող էին ուղղել Եղեգնաձորի մասնաճյուղի զարգացմանը:

Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Դուք 8500 ուսանողի խնդիրը եւ տարեկան 19 ուսանողի խնդիրը խնդրում եմ իրար հետ մի ընդհանրացրեք: 8500 ուսանող շահառու է հանդիսանում ճամբարի»:

Նա նաեւ ասաց. «Դուք շատ լավ գիտեք, որ նախարարը ձեզ թույլատրել է մրցույթից դուրս մնացած մարդկանց, ովքեր փաստացիորեն չեն ընդունվել ՀՀ որեւէ բուհ, զանգահարել եւ հրավիրել Եղեգնաձորի մասնաճյուղ ընդունվելու համար: Նախարարի մակարդակով տրվել է հնարավորություն: Դրանք մարդիկ էին, որոնք նախընտրած բուհեր այսպես թե այնպես չեն ընդունվել ու նախընտրել են Եղեգնաձորի մասնաճյուղը: Այդ տարի ՀՀ բուհեր ընդունվել է 26 հազար մարդ, հիմա ընդունվում է 14 հազար մարդ ու այդ էֆեկտը փաստացի չի լինում, որովհետեւ հայաստանյան բազմաթիվ բուհեր իրենք իրենցով ունեն բազմաթիվ թափուր տեղեր: Ու կառավարությունը առանց մարդկանց համարներ տալու հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ ու ով որտեղ ուզում, այնտեղ էլ ընդունվում է»:

Զեմֆիրա Միրզոեւա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան ասաց, որ խախտվում է բուհի հնարավոր դիմորդների շահը՝ բուհը փակելով: Պրոռեկտորն էլ պատասխանեց, որ վերջին 7 տարիներին միջինում 15 դիմորդ է լինում մասնաճյուղում: Եթե ցանկանում են սովորել իրենց բուհում, ավելի հետաքրքիր առաջարկ ունեն՝ կարող են դիմել, ստանալ ուսման վարձի փոխհատուցում, բնակվարձի խնդիրն էլ են կարգավորում, բայց պայմանագիր պետք է կնքեն, որ այդ 4 տարի սովորելուց հետո պարտավոր է վերադառնալ մարզ ու մարզում աշխատել: 4-րդ կուրսում էլ մարզում է պրակտիկա անցնելու: Եթե ուսանողը որոշեց, որ պետք է մնա Երեւանում, այդ բոլոր ծախսերը պետք է փոխհատուցի բուհին: Ըստ նրա, այդպես միլիոնների ծախս չեն անի ու կրթությունը կկազմակերպեն ավելի արդյունավետ. «Հիմա ո՞րն է լավ, այնքան դասավանդող չկա, որ պատմության ուսուցիչը դասավանդում է նաեւ բիզնես ներածություն, ռազմավարական մարքեթինգ, ֆինանսական կառավարում եւ այդպես շարունակ: Դա արդյունավետ կրթական ծա՞խս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031