Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պահում են թաքուն, հետո կանգնեցնում փաստի առաջ»․ ինչո՞ւ ՀՅԴ-ն ցույցեր չի անում ՀՀ-Թուրքիա գործընթացի դեմ

Մարտ 10,2022 17:06

«Իրավիճակների միջեւ մեծ տարբերություն կա։ 2008-09թթ․ բանակցությունների ընթացքում ՀՀ-ն հաղթանակած կողմ էր։ Մենք դեմ էինք այդ ժամանակվա նախագահի քաղաքականությանը, այդ պատճառով արմատական ընդվզում ցույց տվեցինք ՀՀ-ում եւ սփյուռքում, մանավանդ, նախագահը փորձեց այդ ծրագիրը տանել սփյուռք եւ «խորհրդակցել» սփյուռքի հետ։ Պարզվեց, որ խորհրդակցելու բան չկար, իշխանությունն ամեն ինչ որոշել էր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն, որը դիմադրություն էր ցույց տալիս ու բողոքի ցույցեր էր անում 2008-09թթ․ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակ, հիմա չի ցուցաբերում նույն դիմադրությունը։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը շեշտեց, որ այսօր ժողովուրդը պարտվողական իրավիճակի մեջ է, իսկ իշխանությունը բանակցում է «խաղաղության» քողի տակ․ «Նախկինում գոնե ունեինք հաղթանակածի զգացում, համոզմունք, որ Արցախն անկախ է։ Այսօր հոգեբանական կամուրջն անցնելու խնդիր կա, որպեսզի վերականգնվեն արմատական զգացողությունները։ Վստահ եղեք, որ գալու է այդ ժամանակը։ ՀՅԴ նոր բյուրոն ավելի հանդուգն քայլերի դիմելու գաղափարախոսություն պետք է մշակի օրենսդրական աշխատանքից բացի»։

ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին ընդգծեց, որ հիմա իշխանություններն ամեն ինչ անում են ժողովրդի թիկունքում․ «Ինչի՞ շուրջ ենք բանակցում, որո՞նք են մեր կարմիր գծերը։ Որեւէ բան հայտնի չէ, բայց իշխանության գործելաոճը սա է։ Պահում են թաքուն, հետո կանգնեցնում փաստի առաջ։ Պատերազմի ժամանակ էլ էր այդպես՝ «հաղթում էինք», բայց հետո կանգնեցինք կապիտուլյացիայի առաջ։ Հիմա էլ նույնն է՝ վերջում կանգնելու ենք մի թղթի ստորագրման առաջ։ Խաղաղությունից խոսելով՝ թմրեցնում են ժողովրդի գիտակցությունը։ Նախկինները նախաստորագրել էին, ստորագրել, կար փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր առարկայական խոսակցություն ունենալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031