Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը». Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև

Մարտ 10,2022 16:58

«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցնեն Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց իտալացի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն:

Եվրախորհրդարանում լիագումար նիստի օրակարգում ընդգրկված  «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւի նախագծի 3-րդ պարբերությունն ամբողջությամբ ընդունվեց, ինչպես նաև ընդունվեց բանաձևի նկարագրական առաջին հատվածը:

Բոլոր պատգամավորները հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով, որոնք ուղեկցվում էին ծափահարություններով: Նրանք հայտարարեցին՝ անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որպեսզի տեղում գնահատի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ըստ պատգամավորների մեծամասնության՝ այժմ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն և նա պետք է պատասխանատվություն կրի:

Նշենք, որ բանաձեւում Եվրոպական խորհրդարանը հաշվի է առնում, որ՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, մինչդեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաեւ ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում եւ դրանից հետո այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիեւը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»:

Բանաձեւում հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»:

Շեշտվում է, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական ​​նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»:

Այնուհետեւ, բանաձեւի նախագծում հիշեցվում է, որ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»:

Նկատի է առնվում, որ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»:

Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթներին առավել մանրամասն կանդրադառնանք քիչ անց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031