Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վարչապետը հպանցիկ խոսեց․ ինչո՞ւ չի ասում դրա դեմն առնելու ծրագրերը»․ Արմեն Ռուստամյան

Մարտ 10,2022 16:50

«Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է պատերազմի արդյունքներից ստանալ առավելագույնը։ Քանի դեռ ՀՀ-ն չի ամրապնդել անվտանգային համակարգերը, ամեն օր տեսնելու ենք, որ խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են։ Ինչ հնարավոր լինի՝ պոկելու են մեզանից, աշխատելու են ամեն առիթն օգտագործել, իսկ այսօր գլխավոր ուժը, որը պահում է անվտանգությունը, ՌԴ խաղաղապահ ուժերն են»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ ռուս-ուկրաինական ռազմական բախմանը զուգահեռ՝ Ադրբեջանն այս օրերին սադրանքների է դիմում Արցախի եւ ՀՀ սահմաններին՝ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով․ «Վատ է, որ ՀՀ-ն այլեւս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, եւ սա տեսնում են նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Տեսնում են, որ ՀՀ-ն քայլ չի անում վերագտնելու այդ կարգավիճակը։ Գտնում են, որ այսօր հնարավոր է եւս մի տարածք վերցնել եւ անելանելի վիճակի մեջ դնել արցախահայությանը, որ օր առաջ լքեն իրենց տարածքները։ Ադրբեջանի նպատակն է Արցախն առանց հայերի տեսնել։ Սա ահազանգ է։ Այսօր վարչապետը դրան հպանցիկ անդրադարձավ՝ չուզեցավ ասել, որ երկար ժամանակ Արցախի գազատարը խափանված է։ Ինչո՞ւ չի ասում դրա դեմն առնելու ծրագրերը։ Հանուն խաղաղության ամեն ինչ զիջելու մոտեցումը բերելու է նրան, որ լինելիության խնդիր ենք ունենալու»։

Ռուստամյանը միաժամանակ շեշտեց՝ չի կարծում, թե ՌԴ-ն այնքան խառն է, որ չի կարող իրավիճակը վերահսկել Կովկասում, բայց սա մարտահրավեր է նաեւ ռուս խաղաղապահների համար․ «ՌԴ-ն ունի հնարավորություն կանխելու Ադրբեջանի ախորժակը ռուս-ուկրաինական լարվածությանը զուգահեռ»։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն այս իրավիճակում երկակի խաղ է խաղում․ «Բնականաբար, ՌԴ-ն չի ցանկանա կորցնել Ադրբեջանին, բայց վերջինս ուղղակի կապի մեջ է Ուկրաինայի իշխանության հետ։ Ելքն ինչ էլ լինի պատերազմի, ազդելու է իրավիճակի վրա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031