ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում անդրադարձավ Արևմուտքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ռուս դասական գրականության (Դոստոևսկու), երաժշտության վրա կիրառվող սահմանափակումներին, արգելքներին և դրանք անվանելով «հիմարություն», «ֆաշիզմ», «բարբարոսություն»՝ համեմատեց օրինակ՝ Բաղդադի գրադարանը այրելու հետ: Հերթական անգամ թուրքական քարոզչամեքենան և դիվանագիտությունը փորձում է աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ, համաշխարհային մշակույթը հարգող ու գնահատող պետություն: Ի դեպ, ռուսական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են Էրդողանի այս ելույթին և բնականաբար՝ դրական շեշտադրումներով:
Սակայն իրականությունը լիովին այլ է, և ռուսական դասական գրականությունը ավանդաբար ատելության թիրախ է եղել հենց Թուրքիայում: Դեռ անցյալ դարի կեսերից սկսած ԽՍՀՄ-Թուրքիա ցանկացած լարվածության ժամանակ Թուրքիայում արգելվել և հենց գրախանութների առջև այրվել են ռուս դասականների գրքերը: Օրինակ` 1945 թ. դեկտեմբերի 4-ին Ստամբուլում անցկացվել է հակախորհրդային բնույթի հանրահավաք, որի ժամանակ քարուքանդ են արվել խորհրդային և ռուս գրականություն վաճառող գրախանութներ, այրվել Տոլստոյի, Դոստոևսկու, Գոգոլի, Տուրգենևի, Գորկու գրքերը: Ի դեպ, այդ հարձակումներին մասնակցել են հետագայում Թուրքիայի նախագահ դարձած, իսկ այդ ժամանակ ազգայնական ակտիվիստ երիտասարդներ Սուլեյման Դեմիրելը և Թուրգութ Օզալը:
Չեմ կարծում, որ այս և այլ փաստերը հայտնի չեն նաև Ռուսաստանում, առնվազն՝ ռուս թուրքագետներին, սակայն խնդիրն այն է, որ այս լարված և գերզգայուն իրավիճակում Թուրքիան կարողանում է կեղծ խաղաղասերի դիմակով մի կողմից բայրաքթարներ ուղարկել Ուկրաինա, իսկ մյուս կողմից հանդես գալ իբրև Դոստոևսկու պաշտպան:
Կարդացեք նաև