Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերը չարձանագրելու պարագայում Արցախը եւ ՀՀ-ն կորցնելու վտանգի առաջ ենք»․ Արմեն Ռուստամյան

Մարտ 10,2022 16:22

«Այս ժողովը պատմության մեջ կմնա որպես արտակարգ ժողով, որովհետև գումարվեց աննախադեպ լարված իրավիճակում։ Հայությանը սպառնացող վտանգներն այնքան մեծածավալ են, որ խոսքն իսկապես մեր լինելիության մասին է։ ՀՅԴ-ն իր առաքելությանը համապատասխան՝ գիտի, թե որտեղից են գալիս հիմնական վտանգները։ Օրհասական խնդիրների հրամայականի առաջ ենք եւ ունենք ներքին-արտաքին լրջագույն վտանգներ։ Խնդիր ունենք թույլ չտալու այնպիսի զիջումներ, որոնք կենսական նշանակություն կունենան ապագայի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի աշխատանքների ամփոփմանը՝ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ կարմիր գծերը չարձանագրելու պարագայում Արցախը եւ ՀՀ-ն կորցնելու վտանգի առաջ ենք․ «Սա չափազանցություն չի, այլ իրավիճակի վերլուծություն՝ սկսած նրանց, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներ են առաջացել։ Նախկին աշխարհակարգը՝ Հելսինկյան ակտից հետո եղած, այլեւս չի գործում կամ գործում է լուրջ խափանումներով։ Ուժի գործադրումը սկսել է դառնալ միջպետական հարցերի լուծման միջոց։ ՀՀ-ն պետք է կարողանա ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել այնպես, որ անվտանգային համակարգը ձեւավորվի մարտահրավերների հաղթահարման համար։ Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն օր սեղմում է օղակը ՀՀ-ի շուրջ։ Ամեն օր կանգնած ենք լինելիության հարցը լուծելու պարտադրանքի առաջ։ Ընդհանուր ժողովը հիմնականում այս խնդիրներին է անդրադարձել եւ հարց դրել կասեցնելու կենսական զիջումների գործընթացը»,-նշեց նա։

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց՝ իշխանությունը հրապարակ բերեց «ապագա կա՜ ապագա» բարձրագոչ կարգախոսը, իսկ իրականում այն, ինչ անում են, դա զիջումների ճանապարհով ՀՀ-ին տանելն է, եւ նման ապագա չի կարող ունենալ ՀՀ-ն․ «ՀՀ-ում կա ապագա, բայց առանց կենսական զիջումների, չկա ապագա զիջումներով»։ Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ի դիմադրությունն ուղղված է լինելու առաջին հերթին դրսի սպառնալիքները չեզոքացնելուն, բայց եւ ներսի ներուժն ամրապնդելուն։

Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ընդհանուր ժողովն առանձնացրել է Հայաստանի թուրքացմանը սպառնացող բաղադրիչները․ «ՀՀ-ն կդառնա Թուրքիայի կցորդ երկիր մի քանի մակարդակով։ Աշխարհաքաղաքական մակարդակում կկորցնենք մեր նշանակությունը, եթե կորցնենք վերահսկողությունը Սյունիքի վրա։ Պանթուրքական շղթան կտրվում է Սյունիքով։ Երկրորդը քաղաքական մակարդակն է, այդ թվում՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Երրորդ․ եթե հայ-թուրքական հարաբերությունները գնան այնպես, որ Թուրքիան տնտեսությամբ կլանի ՀՀ-ին, իսկապես կունենաք իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն ամբողջապես կկախվի Թուրքիայի տնտեսությունից․ կվերանա ազգային գյուղատնտեսությունը, մյուս ճյուղերը կղեկավարվեն Անկարայից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031