Ռուսաստանն ուզում է, որ Ուկրաինան լինի ապառազմականացված և բարեկամական, առանց ռուսերեն լեզվի կամ մշակույթի վրա արգելքի: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:
«Նախագահ Պուտինը հստակ բացատրեց՝ ինչու է որոշել հատուկ ռազմական գործողություն անցկացնել: Մենք ուզում ենք այնպիսի Ուկրաինա, որը կլինի բարեկամական և ապառազմականացված: Ուկրաինա, որտեղ չի լինի հերթական նացիստական պետություն ստեղծելու վտանգ, որտեղ արգելք չի լինի ռուսերեն լեզվի, ռուսական մշակույթի նկատմամբ»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Արևմուտքն Ուկրաինայից ուզում է միայն մի բան. որպեսզի այն մշտապես աշխատի Ռուսաստանի դեմ:
Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի պատրաստվում հարձակվել այլ երկրների վրա:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է ձեր հարցին՝ արդյոք մենք նախատեսում ենք հարձակվել այլ երկրների վրա, այլ երկրների վրա մենք չենք պատրաստվում հարձակվել: Մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել: Ուկրաինայի վրա մենք պարզապես… բազմիցս բացատրել ենք: Ստեղծվում է իրավիճակ, որը ուղիղ վտանգ է սպառնում Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան նախատեսում էր հարձակվել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ