Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆիզուլիում որ հիմա Ալիեւը միջազգային օդանավակայան է կառուցել, դա նշանակում է, որ Ֆիզուլիում բնակչությունը շա՞տ է». Էդգար Ղազարյանը՝ բուհի մասնաճյուղը փակելու մասին

Մարտ 10,2022 16:05

«Ես, որպես մարզում մեծացած սերնդի ներկայացուցիչ, գիտեմ, որ ցանկացած ուսումնական հաստատության փակումը, մեղմ ասած, վատ հետեւանք է ունենում մարզաբնակների համար, որովհետեւ սկսած աշխատատեղերից մինչեւ ուսանողների իրացվելիությունը՝ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»,-այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ընդունելության դադարեցման հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, որը մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ ինքը եղել է տնտեսագիտական համալսարանի այդ մասնաճյուղի տնօրենը ու պաշտոնավարել է 4 տարի, այնուհետեւ եղել է կառավարման ֆակուլտետի դեկան. «20 տարի է՝ դասավանդում եմ մինչ օրս: Այդ մասնաճյուղը ստեղծվել է ի սկզբանե՝ տարածքային համաչափ զարգացումից ելնելով, կրթության հասանելիության տրամաբանությունից ելնելով ու նաեւ այն մոտիվացիայով, որ սոցիալական խնդիրները պետությունը պետք է լուծի ոչ թե նպաստ տալով, այլ օգնի մարդկանց աշխատանքային ունակությունների հարցում, որ ինքնուրույն լուծեն իրենց սոցիալական խնդիրները: 14 տարիների ընթացքում մասնաճյուղն էական դեր է ունեցել այդ տարածաշրջանի, ամբողջ մարզի զարգացման իմաստով: 400-ից ավելի շրջանավարտներ կան, ըստ ուսումնասիրությունների, 90%-ն ունի մշտական աշխատանք, հիմնականում՝ մարզում»:

Ղազարյանը վստահեցրեց, որ մասնաճյուղը իր առջեւ դրված ռազմավարական խնդիրները լուծել է, բայց, անշուշտ, կային կազմակերպչական խնդիրներ, որոնք հատուկ են գրեթե բոլոր կրթական հաստատություններին, ուստի միայն մի մասնաճյուղի հետ կապել այդ խնդիրները անարդար է. «Օբյեկտիվ խնդիրները տեսանելի են, դրանք կարելի է լուծել, եթե ցուցաբերվի կառուցողական մոտեցում: Ասում են՝ մարզի շրջանավարտների 90%-ը գնում է այլ բուհեր, բայց սա անլուրջ հիմնավորում է, որովհետեւ եթե մարդը որոշել է դառնալ ուսուցիչ, բժիշկ, իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ, նա ինչի՞ պիտի դիմի տնտեսագիտական համալսարան, դիմում է այն բուհերը, որտեղ այդ մասնագիտությունը կա: Անգամ երբ ասում են, թե դիմում են Երեւանի տնտեսագիտական համալսարան, դա էլ է անլուրջ, որովհետեւ մասնաճյուղում ընդամենը 3 մասնագիտությամբ է մրցույթ հայտարարվում՝ առկա բակալավրիատի համար ու եթե մարդն ուզում է դառնալ մարքեթոլոգ, վիճակագիր, այդ մասնագիտություններով այնտեղ կրթություն չի իրականացվում, դիմում է Երեւանի համալսարան»:

Ըստ Էդգար Ղազարյանի, այդ մասնաճյուղը միայն Վայոց ձորի բնակիչների համար չի, այնտեղ ուսման վարձը մոտ 42%-ով ավելի ցածր է, քան նույն մասնագիտությունների համար Երեւանում է:

Նա նաեւ ասաց, որ մասնաճյուղի բացման առաջին տարիներին ունեցել են ուսանողներ Երեւանից, Գյումրիից, Ալավերդիից, Սիսիանից, Արցախից. «Կապում են ժողովրդագրական խնդրի հետ: Ասում են՝ Վայոց ձորում բնակչությունը քիչ է, առաջիկայում քիչ է լինելու եւ նպատակահարմար չի այնտեղ մասնաճյուղ պահել: Ներեցեք, Ֆիզուլիում որ հիմա Ալիեւը միջազգային օդանավակայան է կառուցել, դա նշանակում է, որ Ֆիզուլիում բնակչությունը շա՞տ է: Կամ որ ճանապարհները, ենթակառուցվածքները ստեղծում են Արցախի օկուպացված տարածքներում, այդ նրանից է, որ այնտեղ մա՞րդ է ապրում: Շատ երկար ժամանակ է՝ այնտեղ մարդ չի ապրում եւ ենթակառուցվածքները ստեղծում են՝ հենց դեմոգրաֆիական խնդիրներ լուծելու, բնակեցման համար: Նույնը մարզերին է վերաբերում»:

Բուհի մասնաճյուղն ունի ֆինանսական խնդիրներ: Էդգար Ղազարյանն առաջարկեց լուծում՝ այնտեղ ուսման վարձը ցածր է, դե թող բերեն տարբերությունը փոխհատուցեն. «Ես նայել եմ, մեր համալսարանի այս տարվա՝ 2022-ին ծախսային մասը, նախատեսվել է 124 մլն դրամ՝ միայն Դիլիջանի մարզաառողջարանային ճամբարում ֆակուլտետներից մեկում եւ քոլեջում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Այդ ծախսերը կոմերցիոն բնո՞ւյթ ունեն, իհարկե՝ ոչ: Նույն ձեւ կարելի է Եղեգնաձորի մասնաճյուղին տալ՝ որպես ռեգիոնալ բուհ: Տարեկան մոտ 1200 ուսանող ստանում է ուսման վարձի զեղչեր: Առեւտրային նպատակներո՞վ է դա անում: Իհարկե՝ ոչ, մարդիկ ծնողազուրկ են, պատերազմի մասնակիցների երեխաներ, մի ընտանիքից մի քանի ուսանողներ կան»:

Էդգար Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ բանակ գնացած ուսանողներ կան, որոնք երբ վերադարձան, պետք է ակադեմիական խմբեր ձեւավորվեն ու այդ ուսանողների հարցը լուծեն: Դրա փոխարեն մասնաճյուղի խնդիրները կարող են լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031