Այն կեցվածքը, այն հայտարարությունները, որոնք այսօր արվում են Հայաստանի իշխանությունների կողմից՝ ամենաճիշտն են: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում ՀՀ-ի դիրքորոշմանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անենք, որ օր առաջ պատերազմն ավարտվի:
Ըստ նրա, տնտեսական առումով, այսօր լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ կան. «Կարող են անկանխատեսելի երեւույթներ տեղի ունենալ, որովհետեւ ոչ մի լավագույն տնտեսագետ կամ տնտեսագիտական վերլուծություն չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել այդպիսի լուրջ սահմանափակումների մեջ»:
Վահագն Խաչատուրյանի խոսքով, պետք է պատրաստենք մեր ֆինանսական համակարգը, որպեսզի այն կարողանա սպասարկել մեր քաղաքացիներին եւ այն քաղաքացիներին, որոնք ժամանել են Հայաստան եւ ցանկանում են մեր երկրում տնտեսական գործունեություն կազմակերպել:
Նրա կանխատեսմամբ, այս խնդիրները կարող են տեւել մինչեւ տարեվերջ: Ասաց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ խոսել է, որը հայտնել է՝ ամենօրյա ռեժիմով հետեւում են միջազգային շուկաներում տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի կարողանան կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը:
Կարդացեք նաև
Վահագն Խաչատուրյանի խոսքով, ցորենի համաշխարհային գները 50 դոլարով բարձրացել են, նավթի գները նույնպես կարող են բարձրանալ, ինչը կրկին կհանգեցնի նոր գնաճի: Ըստ նրա շատ հարցեր փոխկապակցված են եւ հիմա ՀՀ կառավարությունը փորձում է «կծիկը բացել»:
Նա վստահեցրեց, որ պետության կողմից ամեն ինչ արվում է՝ բիզնես շրջանակներին եւ սոցիալապես անապահով խավին աջակցելու նպատակով. «Ի վերջո այս ամենը կարող է բերել նրան, որ մեր բյուջեում տեղի ունենա եկամուտների նվազում, ինչի պարագայում կառավարությունը պետք է ֆինանսական ծրագրերի սցենարը փոխի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ