Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» -ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։
«Ես հայտարարում եմ, որ տուժողները դատախազների հետ անմիջական կապի մեջ են, որովհետեւ նիստին ոչ տուժողներն են եկել, ոչ էլ մեղադրողները: Կասկած է առաջանում՝ տուժողների անաչառության հետ կապված»,- այսօր դատարանում նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Այսօրվա նիստին ներկա չէին ոչ տուժողները, ոչ մեղադրողները:
Դատարանը հաջորդ նիստին տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Կարդացեք նաև
Նիստին ներկա չէր նաեւ ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը, որը հիվանդանոցում է գտնվում՝ ոտքն են անդամահատել: Ամբաստանյալներից նաեւ Վարդգես Գեւորգյանը եւ Գառնիկ Հովակիմյանը նիստին ներկա չէին: Վարդգես Գեւորգյանի հրամանատարը զանգահարել եւ տեղեկացրել էր, որ սահմաններում անհանգիստ վիճակի պատճառով՝ չի կարող վերջինիս ծառայությունից ազատել, որպեսզի ներկայանա դատարան: Իսկ Գառնիկ Հովակիմյանն արդեն մի քանի նիստ է՝ չի ներկայանում եւ որեւէ տեղեկություն նրանից չկա: Հաջորդ նիստում դատարանը նրա մասով էլ որոշում կկայացնի:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանի դիտարկմանն էլ արձագանքելով, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ մեղադրողների նկատմամբ որեւէ որոշում դատարանը չի կայացնի, քանի որ վերջիններս զանգահարել եւ տեղեկացրել են, որ նիստին չեն կարող ներկայանալ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ